«Իսկ պատվիրանքի վախճանը սերն է սուրբ սրտից և բարի խղճմտանքով և անկեղծ հավատքից» (Ա ՏԻՄՈԹԵՈՍ 1.5):
Մեր հավատքի կամ աղոթքի կյանքում չենք ուզում լինել մանկամիտ, այլ ուզում ենք լինել մանկան նման: Տերը չի ցանկանում, որ մեր փոխհարաբերությունն Իր հետ բարդացնենք: Նա փնտրում է անկեղծ սրտեր, որովհետև Նա սրտերի Աստված է: Նա ուզում է, որ մենք աղոթենք հավատքով, որը զգացմունք չէ, այլ՝ հոգևոր ուժ, որն ազդում է անտեսանելի ոլորտի վրա: Աստված կարգուկանոնի Աստված է, բայց ո՛չ կանոնների, կարգերի և օրենքների Աստված, և Նա չի ուզում, որ մենք ուժասպառ լինենք՝ փորձելով երկարուձիգ աղոթքներ անել, որոնք Հոգուց չեն կամ հետևում են ինչ-որ բանաձևերի ու պահանջում որոշակի կեցվածք: Դա օրինապաշտական մոտեցում է և մշտապես վնասում է Աստծո հետ մեր կենդանի փոխհարաբերությանը, որովհետև «Հոգին կենդանացնում է, իսկ օրենքը՝ սպանում» (տե՛ս Բ Կորնթացիների 3.6):
Երբ հետևենք Սուրբ Հոգու առաջնորդությանը, մեր հաղորդակցումն Աստծո հետ կողողվի կյանքով: Մենք ստիպված չենք լինի նայել ժամացույցին, որպեսզի աղոթենք այնքան, որքան հարկն է, ինչպես շատերն են անում: Երբ Աստծո հետ խոսելը և Նրան լսելը անում ենք որպես պարտականություն և մարմնի աշխատանք, հինգ րոպեն կարող է մեկ ժամ թվալ, բայց երբ մեր աղոթքը ներշնչված է Սուրբ Հոգուց, մեկ ժամը կարող է հինգ րոպե թվալ: Ես սիրում եմ աղոթել և Աստծո հետ հաղորդակցվել այնքան, մինչև լիովին չբավարարվեմ: Փորձի՛ր հանգստանալ ու վայելել այն ժամանակը, որ անցկացնում ես Աստծո հետ, և դու կքաղես պտուղները:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. ձգտի՛ր լինել մանկան նման, ոչ թե մանկամիտ: