
«Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ Քո ճանապարհը, որ գնամ Քո ճշմարտության մեջ. միացրո՛ւ իմ սիրտը, որ Քո անունից վախենա» (ՍԱՂՄՈՍ 86.11):
Եթե լսենք Աստծո ձայնը և ապրենք Նրա ճանապարհներով, եթե ընտրենք ծառայել Նրան, կկարողանանք խուսափել Նրա հետ մղվող երկարատև պայքարից: Իմաստությունը մեզ հուշում է, որ թույլ տանք Աստծուն անել այն, ինչ Նա ուզում է, որպեսզի ստիպված չլինենք շարունակ պտտվել նույն «սարի» շուրջը (տե՛ս Երկրորդ Օրինաց 2.3): Ես հանդիպել եմ մարդկանց, որոնք քսան կամ երեսուն տարի շարունակ պայքարում են նույն խոչընդոտների և խնդիրների դեմ: Եթե սկզբում նրանք հնազանդվեին Աստծուն, ապա վաղուց առաջխաղացում կունենային:
Երբ Աստված գտնում է մեզ, թույլ չի տալիս, որ մնանք նույն տեղում և լճանանք, որքան էլ հաճելի լինի այդ վայրը: Նա մշտապես տանում է մեզ նոր վայրեր և սովորեցնում նոր դասեր: Նա ցանկանում է, որ մենք կյանքով լեցուն լինենք, աճենք և իրականացնենք Նրա նպատակներն ու ծրագրերը:
Աստված ասել է. «Եթե ուշադրություն չդարձնեք Ինձ, անտեսեք և ականջ չդնեք Իմ հանդիմանությանը, Ես կկանչեմ ձեզ: Կփորձեմ օգնել ձեզ, բայց եթե շարունակեք չլսել, երբ նեղության մեջ ընկնեք, խուճապահար կվազեք Ինձ մոտ» (տե՛ս Առակաց 1.24-28): Աստված ողորմած է և երկայնամիտ, բայց գալիս է ժամանակ, երբ պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ է պարզապես հնազանդվել Նրան: Որքան շուտ հնազանդվենք և ապրենք ու ընթանանք Աստծո ճանապարհներով, այնքան շուտ կհարթվեն մեր կյանքի իրավիճակները, և մենք առաջ կշարժվենք Աստծո հիանալի ծրագրերի մեջ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. աղոթի՛ր, հնազանդվի՛ր և մի՛ հապաղիր: