
«Իմ սրտում թաքցրի Քո Խոսքերը, որ չմեղանչեմ Քո դեմ» (ՍԱՂՄՈՍ 119.11):
Մի անգամ, երբ պատրաստվում էի աշխատել մի գրքի վրա, հանկարծ զգացի, թե ինչպես Տերն ասաց. «Մի քանի րոպե հատկացրո՛ւ և պարզապես սպասի՛ր Ինձ»: Ես սպասեցի շատ կարճ ժամանակ, ապա սկսեցի զանգել: Տերը մեղմ ձայնով ասաց. «Ես չասացի զանգել. Ես ասացի սպասել Ինձ»: Արտասովոր չէր այն ցանկությունը, որ դրդեց ինձ ինչ-որ բան անելու. մարդկանց մեծ մասը դժվարանում է դադարել և սպասել որևէ մեկին, որևէ բանի կամ հենց Աստծուն:
Երբ որոշ ժամանակ լուռ մնացի և սպասեցի Տիրոջը, Նա սկսեց խոսել հրեշտակների մասին. մի բան, որին անկասկած չէի սպասում: Նա ինձ առաջնորդեց փնտրելու մի քանի սուրբգրային խոսքեր, և ես մի փոքրիկ ուսումնասիրություն կատարեցի հրեշտակների զորության և ներկայության մասին: Աստված ունի պատճառ այն ամենի համար, ինչ անում է, և ես հավատում եմ, որ այդ օրը Նա ցանկանում էր, որ ես ավելի քաջատեղյակ լինեի հրեշտակներից, որոնք գործում են իմ օգտին. մի բան, որի մասին չէի մտածել բավականին երկար ժամանակ:
Գուցե քեզ համար հետաքրքիր է, թե ինչպես իմացա, որ Աստված խոսում էր ինձ հետ, և որ հրեշտակների թեման իմ մտքի արգասիքը չէր: Պատասխանն այն է, որ ես լցվեցի խաղաղությամբ, երբ լսեցի այդ խոսքերը: Իմ ներսում կարծես կանաչ լույս վառվեց: Իմ հոգին հաստատեց, որ դա ուղերձ էր Տիրոջից, և այն, ինչ լսեցի, համաձայն էր Աստծո Խոսքին:
Եղել են դեպքեր, երբ սպասել եմ Աստծուն և լսել նման ձայն, սակայն ենթագիտակցաբար հասկացել եմ, որ դա Աստծուց չէ: Մենք պետք է ճանաչենք Աստծուն Նրա Խոսքի միջոցով, որպեսզի վստահ իմանանք, թե երբ է Նա խոսում մեզ հետ, և երբ՝ ոչ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ուսումնասիրի՛ր Աստծո Խոսքը, որպեսզի կարողանաս ճանաչել Նրա ձայնը: