Աստծո Խոսքի մեջ զորություն կա

«Թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահի՛ր նրանց քո սրտի մեջ: Որ նրանք կյանք են նրանց գտնողներին, և նրանց բոլոր մարմնին՝ բժշկություն»: —Առակաց 4.21-22

Աստվածաշունչը սովորական գիրք չէ: Նրա էջերում գրված խոսքերը ինչպես դեղ են քո անձի համար: Դրանք ունեն զորություն փոխելու քո կյանքը, որովհետև Խոսքի մեջ կա կյանք:

Երբ հայտնաբերես Աստծո Խոսքի զորությունն ու ճշմարտությունը, կսկսես քո կյանքում տեսնել փոփոխություններ, որոնք միայն այս ճշմարտությունը կարող է բերել: Դու նաև կիմանաս՝ ինչպես ճանաչես այն ստերը, որ թշնամին փորձում է բերել քո դեմ:

Եթե դու նոր ես սկսում ուսումնասիրել Աստվածաշունչը կամ վախեցած ես դրանից, մի՛ կարծիր, թե միանգամից պետք է այն ամբողջությամբ կարդաս կամ տեղում ամեն բան հասկանաս: Համբերատար եղի՛ր: Կարևորն այն է, որ սկսես ինչ-որ տեղից ու վճռական լինես մինչև վերջ: Որովհետև ամեն անգամ, երբ ուսումնասիրում ես Աստվածաշունչը և ուշադրություն դարձնում քո կարդացածին, ինչ-որ բան ես սովորում:

Առակաց 4.20-ն ասում է. «Որդյա՛կս, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին…»: Սա կարևոր է հասկանալ, որովհետև ուշադիր լինելն ավելին է, քան պարզապես կարդալը. դա նշանակում է խորհրդածել Խոսքի շուրջ կամ մտքում պահել այն:

Երբ մենք ժամանակ անցկացնենք՝ կարդալով ու խորհելով Աստծո Խոսքը, և համաձայնենք նրա հետ՝ անկախ ամեն ինչից, կլցվենք Աստծո կյանքով և Նրա բժշկարար զորությամբ:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, անչափ շնորհակալ եմ Քո Խոսքի կենսատու զորության համար: Երբ կարդամ և ուսումնասիրեմ Քո Խոսքը, սովորեցրո՛ւ այն, ինչ Դու ցանկանում ես, որ ես իմանամ, և բե՛ր Քո բժշկարար զորությունն իմ կյանքի մեջ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon