
«Եվ երբ որ ժողովուրդներին արձակեց, վեր ելավ սարը՝ առանձին աղոթք անելու, և երբ որ իրիկուն եղավ, միայն Ինքն էր այնտեղ» (ՄԱՏԹԵՈՍ 14.23):
Ինձ համար կենսականորեն անհրաժեշտ է որևէ հանգիստ վայրում Աստծո հետ առանձին ժամանակ անցկացնելը: Կարծում եմ՝ քեզ համար նույնպես: Իմ տանը ես ունեմ առանձնասենյակ, որտեղ ամեն առավոտ հանդիպում եմ Աստծո հետ՝ նախքան օրս սկսելը: Բացի այդ, սիրում եմ տարին մոտավորապես չորս անգամ մի քանի օրով առանձնանալ և մենակ լինել: Ես վայելում եմ հանգստության այդ ժամանակը՝ լիովին կենտրոնանալով Աստծո վրա:
Մարդկանց մեծ մասն ամենամյա արձակուրդ է վերցնում և յուրաքանչյուր շաբաթ ժամանցի որևէ տեսակ է ծրագրում: Մենք ուզում ենք զվարճանալ և հանգստանալ, դրանում վատ բան չկա: Դա անհրաժեշտ է մեզ հավասարակշռված, առողջ կյանք ունենալու և հուզական ներդաշնակություն պահպանելու համար: Սակայն, առավել կարևոր է հոգևոր արձակուրդ ունենալը, և դա պետք է լինի առաջին բանը, որ նշում ենք մեր տարեկան օրացույցում կամ շաբաթվա ժամանակացույցում:
Պարզապես պատկերացրու, թե ինչպիսի պատիվ կցուցաբերես Աստծուն, եթե ժամանակ ամրագրես Նրա հետ անցկացնելու համար՝ նախքան որևէ այլ բան ծրագրելը: Ես համաժողովներ եմ անցկացնում Միացյալ Նահանգներում և արտասահմանում ու միշտ տպավորված եմ նրանով, թե որքան շատ մարդիկ են արձակուրդ վերցնում և երկար ճանապարհ անցնում, որպեսզի ներկա լինեն այդ համաժողովներին: Ես մշտապես ողջունում եմ նրանց քայլը և գիտեմ, որ Աստված հպարտանում է նրանց ընտրությամբ: Նրանք հոգևորապես կաճեն, որովհետև զոհողության են գնում, որպեսզի ժամանակ անցկացնեն Աստծո հետ:
Մի՛ սպասիր, որ ինչ-որ դժվարություն կամ ողբերգություն ստիպի քեզ ժամանակ անցկացնել Աստծո հետ, որպեսզի պատասխաններ գտնես քո իրավիճակի համար: Առաջին հերթին և մշտապես փնտրի՛ր Աստծուն, և դու հոգևորապես ուժեղ կլինես ու կկարողանաս լուծումներ գտնել ցանկացած իրավիճակում. եթե Հիսուսը կարիք ուներ մենակ լինելու Հայր Աստծո հետ, առավել ևս մենք դրա կարիքն ունենք:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. հենց հիմա հանի՛ր քո օրացույցը և նշի՛ր այն ժամանակը, որ անցկացնելու ես Աստծո հետ: