«Բարձրյալի ծածուկ վայրում բնակվողը հաստատուն և ամուր կմնա Ամենակարողի շուքի տակ (Ում զորությանը ոչ մի թշնամի չի կարող դիմանալ)»: ՍԱՂՄՈՍ 91.1, AMP
Աստծո ներկայությունը ծածուկ կամ գաղտնի վայր է, որտեղ կա խաղաղություն, ապահովություն և հանգստություն: Այս ծածուկ վայրը ֆիզիկական տեղանք չէ, այն հոգևոր վայր է, որտեղ անհանգստությունը չքանում է, և տիրում է խաղաղություն: Այն Աստծո ներկայության վայրն է: Երբ ժամանակ ենք անցկացնում՝ աղոթելով և փնտրելով Աստծուն ու բնակվելով Նրա ներկայության մեջ, մենք ծածուկ վայրում ենք:
Երբ դուք և ես բնակվում ենք Քրիստոսի մեջ կամ բնակվում ենք ծածուկ վայրում, մենք ժամանակ առ ժամանակ չենք այցելում, այլ մշտական բնակություն ենք հաստատում այս ապաստարանում: Սա այն վայրն է, ուր փախչում ենք, երբ ցավ ենք զգում, ճնշված ենք կամ ուժասպառ: Սա այն վայրն է, ուր փախչում ենք, երբ մեզ հետ սխալ են վարվում կամ մեզ հալածում են, և երբ մեծ կարիքի մեջ ենք: Սա նաև այն վայրն է, որտեղ մեր գոհությունն ու փառաբանությունն ենք բարձրացնում Աստծո բարության համար: Ես սիրում եմ ասել, որ Աստծո ներկայությունը առաջին տեղն է, որ գնում եմ, երբ որևէ կարիք եմ ունենում:
Կարևոր է, որ խորապես արմատանանք Աստծո մեջ՝ գիտենալով, որ Նա է մեր օգնության աղբյուրը յուրաքանչյուր իրավիճակում և հանգամանքում: Աստծո օգնությամբ մենք կարող ենք ունենալ խաղաղության և ապահովության մեր ծածուկ վայրը՝ պարզապես ապավինելով Աստծուն և ամբողջովին վստահելով Նրան: Մենք երբեք ավելի հեռու չենք Աստծո ներկայությունից, քան մտածում ենք: