Աստված խոսում է Իր ընկերների հետ

Աստված խոսում է Իր ընկերների հետ

«Տերն ասաց. «Մի՞թե Ես Աբրահամից (Իմ ընկերոջից և ծառայից) կթաքցնեմ այն, ինչ որ անելու եմ»» (ԾՆՆԴՈՑ 18.17):

Հավանաբար, ոչ ոք ավելի հաճախ չի վկայակոչվում որպես «Աստծո ընկեր», քան Աբրահամը: Աստվածաշունչը վկայակոչում է Դավթին՝ որպես «Աստծո սրտի համեմատ մարդու», և Հովհաննեսին՝ որպես «Հիսուսի սիրած աշակերտի», մինչդեռ Աբրահամն ունի առանձնահատուկ պատիվ՝ կոչվելու Աստծո ընկեր, և այս մասին գրված է ավելի քան մեկ սուրբգրային համարում:

Երբ Աստված որոշեց դատաստան բերել Սոդոմի և Գոմորի բնակիչների չարության վրա, Նա ասաց Աբրահամին, թե ինչ էր ծրագրել անել:

Ընկերության մեջ մարդիկ միմյանց հայտնում են իրենց մտադրությունները: Քանի որ Աստված Աբրահամին համարում էր որպես Իր ընկեր, Նա ասաց նրան, թե ինչ էր մտադիր անելու, ճիշտ այնպես, ինչպես դու կասեիր քո ընկերոջը, թե ինչ ես մտադիր անելու: Երբ Աբրահամը լսեց, որ Աստված մտադիր էր կործանելու Սոդոմն ու Գոմորը, նա «մոտեցավ և ասաց. «Մի՞թե ամբարշտի հետ արդարին էլ կկորցնես»» (Ծննդոց 18.23): Ինչպես Աստված կիսեց Իր ծրագրերը Աբրահամի հետ, քանի որ նրանք ընկերներ էին, այնպես էլ Աբրահամը «մոտեցավ» Աստծուն և համարձակ ու բացեիբաց խոսեց Նրա ծրագրերի մասին, որովհետև նրանք ընկերներ էին: Նրանք ունեին այնպիսի փոխհարաբերություն, որ կարող էին ազատ հաղորդակցվել միմյանց հետ. նրանք կարող էին բացեիբաց խոսել միմյանց հետ: Աբրահամը մտերմություն ուներ Աստծո հետ, որովհետև համոզված էր այն սիրո մեջ, որ Աստված տածում էր իր հանդեպ:

Աստված ուզում է լինել նաև քո ընկերը, խոսել քեզ հետ և լսել, թե ինչ ես դու ասում Իրեն: Այսօր սկսի՛ր նորովի ընդունել այն փաստը, որ դու Աստծո ընկերն ես և կարող ես մոտենալ Նրան՝ որպես ընկեր:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստծո հետ զարգացրո՛ւ այնպիսի փոխհարաբերություն, որ կարողանաս ազատ խոսել Նրա հետ և հեշտությամբ լսել այն, ինչ ասում է քեզ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon