
«Եվ քո ականջները լսելու են մի խոսք քո ետևից, որ ասելու է. «Սա՛ է ճանապարհը. սրանո՛վ գնացեք, երբ որ աջ կողմ պետք է գնաք, և երբ որ ձախ կողմ պետք է գնաք» (ԵՍԱՅԻ 30.21):
Աստծո՝ մեզ հետ խոսելու պատճառներից մեկն այն է, որ Նա ուզում է օգնել մեզ ճանաչելու ճիշտն ու սխալը, որպեսզի կարողանանք ճիշտ ընտրություններ կատարել: Որոշ բաներ կարող են սխալ լինել մեկի համար և ճիշտ՝ մյուսի համար, կամ հակառակը, այնպես որ, բոլորս էլ անհատապես Աստծուց ցուցումների կարիք ունենք: Իհարկե, կան ճիշտ ու սխալի ընդհանուր ուղեցույցներ, որոնք կիրառելի են բոլորի համար, օրինակ՝ բոլորս գիտենք, որ ստելը, խաբելը և գողանալը սխալ են, ինչպես որ սխալ են շատ այլ բաներ: Բայց կան բաներ, որոնք անհատական են: Իմ որդին մեկնել էր ճամփորդության և ծրագրել էր ևս մեկ օրով երկարաձգել այն, բայց հաջորդ առավոտյան, երբ արթնացել էր, խաղաղություն չէր ունեցել ևս մեկ օր մնալու, այդ պատճառով վերադարձել էր տուն: Աստված ունի անկրկնելի և առանձնահատուկ ծրագիր յուրաքանչյուրի համար, և Նա մեր մասին գիտի բաներ, որոնք նույնիսկ մենք չգիտենք:
Հնարավոր է՝ մենք չհասկանանք, թե ինչու է Աստված արգելում մեզ անել այն, ինչ անում են մեզ շրջապատողները, սակայն եթե մեր սիրտը զգայուն է, մենք կվստահենք և կհնազանդվենք Նրան, նույնիսկ եթե չենք հասկանում պատճառը: Բանն այն է, որ հարկ չկա, որ մենք իմանանք բոլոր «ինչուների» պատասխանները, երբ Նա որևէ բան է խնդրում կամ պահանջում. մենք պարզապես պետք է սովորենք լսել Նրա ձայնը և հնազանդվել:
Մարտի պատրաստվելիս զինվորներից երբեմն պահանջվում է կատարել անհեթեթ վարժություններ, բաներ, որոնք կարծես տրամաբանական չեն: Նրանք սովորում են արագ կատարել առաջադրանքները և աներկբայորեն հնազանդվել հրամաններին, նույնիսկ երբ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Եթե հրամանատարները հրաման արձակեն, և զինվորները, լինելով մարտի առաջնագծում, կանգ առնեն ու հարցնեն, թե ինչի համար է այդ հրամանը, ապա նրանք կարող են սպանվել: Նույն կերպ, Աստված ուզում է, որ մենք վստահենք Իր սիրառատ առաջնորդությանը և հնազանդվենք Իրեն՝ առանց հապաղելու և առանց ավելորդ հարցերի:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. հնազանդվի՛ր Աստծո Խոսքին, նույնիսկ երբ չես հասկանում: