«Օրհնյա՜լ լինի Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթությունների Հայրը և ամեն մխիթարության Աստված» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 1.3):
Բոլորս ուզում ենք լինել ընդունված, ոչ թե մերժված: Ես ատում եմ մերժված լինելու տխուր զգացողությունը և հուզական ցավը, որոնք վերապրել եմ տարիներ շարունակ՝ չիմանալով, թե ինչ կարող եմ անել այդ կապակցությամբ: Գոհությո՜ւն Աստծուն, ամեն բան փոխվեց:
Մի քանի տարի առաջ այն, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, հիշեցրեց մերժվածության նախկին ցավը: Ես օգնության ձեռք մեկնեցի մեկին, ով մանկությանս տարիներին խորը ցավ էր պատճառել ինձ: Ներողություն խնդրելու փոխարեն՝ նա մեղադրեց ինձ մի բանի մեջ, որում մեղավոր չէի, և ես հստակ ուղերձ ստացա, որ այդ անձնավորությունն ընդհանրապես հետաքրքրված չէ ինձնով:
Ուզում էի թաքնվել և խղճալ ինքս ինձ, բայց փոխարենը, անմիջապես խնդրեցի Աստծուց Սուրբ Հոգու մխիթարությունը: Խնդրեցի, որ Նա բժշկի իմ վիրավոր զգացմունքները և կարողություն տա այդ իրավիճակում վարվելու այնպես, ինչպես Հիսուսը կվարվեր: Ես ապավինեցի Նրան և զգացի, որ տաքություն իջավ վրաս. կարծես հանգստացնող յուղ լցնեին վերքերիս:
Ես խնդրեցի, որ Աստված ների այն անձնավորությանը, ով վիրավորել էր ինձ, և Նա հիշեցրեց այս ասացվածքը. «Վիրավորված մարդիկ վիրավորում են ուրիշներին»: Նրա անմիջական, անձնական պատասխանը բժշկություն բերեց իմ վիրավոր հոգուն:
Աստված ամեն մխիթարության, սփոփանքի և քաջալերանքի աղբյուրն է: Խնդրում եմ, արա՛ ամեն հնարավոր բան Նրա հետ մտերիմ փոխհարաբերություն կառուցելու և պահպանելու համար, որովհետև այդ միջավայրում է, որ կկարողանաս լսել Նրա ձայնը, ստանալ Նրա մխիթարությունն ու բժշկությունը և զորանալ Նրա քաջալերանքով և հոգատարությամբ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Աստված գիտի, թե որքան կարևոր է մխիթարությունը. Նա ուղարկեց Սուրբ Հոգուն հենց դրա համար: