Աստված խոսում է, որպեսզի ուղղի մեզ

Աստված խոսում է, որպեսզի ուղղի մեզ

«… Տերը ուղղում և խրատում է նրանց, ում սիրում է…» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 12.6, AMP):

Բոլորս ժամանակ առ ժամանակ ուղղվելու կարիք ունենք։ Ես հավատում եմ, որ Աստծո ցանկությունն է խոսել մեզ հետ և անձամբ ուղղել մեզ, նախքան Նա կգործածի մարդկանց կամ իրավիճակները՝ մեզ ուղղելու համար: Ուղղումը շատ դժվար է ընդունել, հատկապես երբ այն արվում է ուրիշների կողմից, ուստի, Աստված նախընտրում է սկզբում օգնել մեզ լուծելու հարցերը առանձին: Բայց եթե մենք չգիտենք, թե ինչպես թույլ տանք Նրան առանձին ուղղել մեզ կամ չենք ընդունում Նրա խրատը, ապա Նա կարող է ուղղել մեզ հրապարակայնորեն:

Մի անգամ, երբ մեկնել էինք օտար երկիր՝ ծառայության, ռեստորաններից մեկում նստած փորձում էի մատուցողին հասկացնել, թե ինչ էի ցանկանում, բայց նա անգլերեն շատ չէր խոսում, իսկ ես նրա լեզուն ընդհանրապես չէի հասկանում: Շուտով զայրույթն ակնհայտ դարձավ իմ վերաբերմունքի և ձայնային հնչողության մեջ. ես ինձ վատ էի պահում այն մարդկանց առջև, որոնք գիտեին, որ եկել էի իրենց երկիր՝ ծառայելու, և, անշուշտ, ես օրինակ էի նրանց համար:
Ես գիտեի, որ ինձ վատ էի պահել, բայց Աստված ցանկացավ, որ ես իսկապես իմանայի դա, ուստի երբ Դեյվի հետ վերադարձանք մեր հյուրանոցային սենյակ, Դեյվը հիշատակեց այդ դեպքը և ասաց, որ ես լավ օրինակ չծառայեցի ուրիշների համար:

Թեև գիտեի, որ նա ճիշտ էր, և հասկանում էի, որ Աստված գործածում էր նրան, որպեսզի լիովին գիտակցեի իմ վարքագծի կարևորությունը, այնուամենայնիվ, տրամադրված էի մատնացույց անելու Դեյվին՝ ասելով, որ ինքն էլ նախկինում նույնկերպ է վարվել: Եթե անեի դա, նշանակում է՝ ես անկեղծորեն չէի ընդունել Աստծո ուղղումը, և այդ ժամանակ Աստված ստիպված կլիներ ուղղել ինձ այլ կերպ, որը, միգուցե, ավելի ամոթալի կամ ցավոտ կլիներ:

Սկսի՛ր աղոթել և խնդրել Աստծուց, որ օգնի քեզ ընդունելու Իր ուղղումները, ինչպես նաև այն ուղղումները, որոնք Նա անում է ուրիշների միջոցով՝ իմանալով, որ այդ ամենը ի նպաստ քեզ է:


Աստծո Խոսքը Քեզ Համար Այսօր.մի՛ ընդդիմացիր Աստծո ուղղումներին:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon