Աստված խոսում է, որպեսզի օգնի մեզ

«…Լուծը պիտի կոտրվի օծության պատճառով» (ԵՍԱՅԻ 10.27):

Երբ Աստված խոսում է քեզ հետ որևէ խնդրի մասին, որը պիտի լուծվի, մի՛ հետաձգիր դրա լուծումը: Դու կարող ես վստահ լինել, որ օծությունը, որը Սուրբ Հոգու զորությունն է և կարողությունը, կկոտրի այդ լուծը քո վրայից: Եթե հետաձգես խնդրի լուծումն այնքան ժամանակ, մինչև ինքդ ցանկանաս զբաղվել դրանով, հնարավոր է՝ ստիպված լինես փոխվել առանց Աստծո զորության կամ օծության:

Հաճախ ցանկանում ենք ինչ-որ բան անել այն ժամանակ, երբ մենք ենք նախընտրում, և պայքարում ու պայքարում ենք, քանի որ փորձում ենք լուծել խնդիրը առանց Աստծո օծության: Օրինակ, լինում են ժամանակներ, երբ ցանկություն եմ ունենում ինչ-որ հարց պարզաբանել մեր ծառայողներից մեկի հետ, սակայն հասկանում եմ, որ ավելի իմաստուն կլինի որոշ ժամանակ աղոթել դրա համար և թույլ տալ, որ Աստված պատրաստի այդ մարդու սիրտը: Երբ հետևում եմ Աստծո ժամանակացույցին, Նրա օծությունը մշտապես օգնում է լուծել այս կամ այն հարցը: Ես սովորել եմ հարցերին լուծում տալ այն ժամանակ, երբ Աստված է դա ցանկանում, և ոչինչ չձեռնարկել, երբ Նա խնդրում է ինձ սպասել: Ես ունեցել եմ նաև հիասթափեցնող փորձառություն, երբ ջանացել եմ ինքս ինձ փոխել՝ չսպասելով Աստծո օգնությանը և Նրա սահմանած ժամանակին: Որպեսզի մեր կյանքում ամեն բան ճիշտ գործի, մեզ անհրաժեշտ է Աստծո օծությունը:

Երբ Աստված հանդիմանում է մեզ որևէ բանի համար, ինչը պետք է փոխվի մեր կյանքում, նշանակում է, որ Նա արդեն պատրաստել է մեզ դրա համար: Հնարավոր է, մենք չզգանք, որ պատրաստ ենք, սակայն կարող ենք վստահ լինել, որ Նրա ժամանակը կատարյալ է, և Նրա օծությունը ներկա է կոտրելու այն լուծը, որ խանգարում է մեր լիակատար ազատությանը: Ես սովորել եմ ասել. «Տե՛ր, գուցե ինձ չի թվում, որ ես պատրաստ եմ, սակայն եթե Դու ասում ես, որ հիմա է ժամանակը, ուրեմն ես վստահում եմ, որ Քո զորությունն ինձ հետ է, և հոժարությամբ հնազանդվում եմ Քեզ»: Երբ հավատքի քայլ անես խնդիրը լուծելու համար, կհայտնաբերես, որ ունես այն իմաստությունը, շնորհքը, զորությունն ու կարողությունը, որ անհրաժեշտ են քեզ:


Աստծո խոսքը քեզ համար այսօր. մի՛ հետաձգիր մեկ ուրիշ օրվան այն խնդիրների լուծումը, որոնք Նա ցանկանում է, որ լուծես այսօր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon