«Կինն ասաց Նրան. «Գիտեմ, որ Մեսիան պիտի գա. Նա, որ Քրիստոս (Օծյալ) է կոչվում, և երբ Նա գա, կպատմի մեզ այն ամենը, ինչ կարիք ունենք իմանալու, և այդ ամենը հասկանալի կդարձնի մեզ»» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.25):
Քեզ սպասում է հետաքրքիր և հուզիչ ճամփորդություն, եթե ուզում ես սովորել լսել Աստծուց և առաջնորդվել Սուրբ Հոգով: Աստված ցանկանում է խոսել քեզ հետ և ասել այն ամենը, ինչ պետք է իմանաս՝ կյանքը վայելելու և օրհնվելու համար, իմաստուն լինելու և իրականացնելու այն բարի ծրագրերը, որ Նա ունի քեզ համար: Աստված միշտ պատրաստ է լավ և օգտակար խորհուրդներ հայտնելու, սակայն երբեմն մարդիկ չեն օգտվում այդ հնարավորությունից, քանի որ չեն գիտակցում, որ Աստված խոսում է իրենց հետ: Նրանք պետք է սովորեն լսել Աստծուն և հնազանդվել Նրա ձայնին:
Երկրային ծնողները մշտապես խոսում են իրենց երեխաների հետ, այդ դեպքում ինչո՞ւ մեր երկնային Հայրը չպետք է խոսի մեզ հետ: Ծնողները չեն ակնկալում երեխաներից այն, ինչ չեն սովորեցրել նրանց. նույնպիսի վերաբերմունք Աստված ունի Իր զավակների հանդեպ: Նա ցանկանում է ասել մեզ այն ամենը, ինչ կարիք ունենք իմանալու:
Հաճախ մենք ուզում ենք գնալ մեր ճանապարհներով, որպեսզի անենք այն, ինչ ցանկանում ենք, և այն ժամանակ, երբ ցանկանում ենք: Սակայն, երբ այդպես ենք վարվում, վերջին հաշվով մոլորվում ենք և վատնում մեր կյանքը: Մենք կարիք ունենք, որ Սուրբ Հոգին առաջնորդի մեզ մեր կյանքի բոլոր օրերում, և Նա պատրաստ է անելու դա՝ մեզ հետ խոսելով և հայտնելով այն ամենը, ինչ կարիք ունենք իմանալու:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. Սուրբ Հոգին քո առաջնորդն է և մխիթարիչը, Նա քեզ հետ է ամեն օր՝ քսանչորս ժամ անընդմեջ: