Աստված կարող է օգտագործել ճաքած ամանները

«Եվ հիմա, ով Տե՛ր, դու ես մեր Հայրը. մենք կավն ենք և Դու՝ մեր Բրուտը, և Քո ձեռքի գործ ենք մենք ամենքս»: —Եսայի 64.8

Աստված չի պահանջում, որ մենք կատարյալ լինենք. Նա է մեզ ստեղծել, և Նա գիտի, որ մենք մարդկային արարածներ ենք ու սխալներ կանենք: Մեր գործն է ամեն օր արթնանալ ու անել լավագույնը՝ ծառայելով Աստծուն այն պարգևներով, որ Նա տվել է մեզ: Իսկ երբ սխալներ ենք անում, պետք է շտկենք մեր դիրքն Աստծո մոտ, ընդունենք Նրա ներումը և առաջ շարժվենք:

Շատ մարդիկ զգում են, որ Աստված չի կարող օգտագործել իրենց, որովհետև իրենք կատարյալ չեն, բայց դա սուտ է: Աստված (Բրուտը) օգտագործում է ճաքած ամաններ (մեզ)՝ Իր գործն անելու համար: Որպես քրիստոնյաներ՝ մենք անոթներ ենք, որոնք Աստված ցանկանում է լցնել Իր բարությամբ և լույսով: Ապա՝ մենք պետք է այդ բարությունն ու լույսը տանենք խավար աշխարհին՝ այն մարդկանց, ում կհանդիպենք:

Մի՛ վախեցիր քո թերություններից, ընդունի՛ր դրանք ու թո՛ւյլ տուր Աստծուն ամեն կերպ օգտագործել քեզ: Դադարի՛ր անհանգստանալ, որ դու այն չես, ինչ կուզեիր, որ լինեիր, ու տո՛ւր Աստծուն այն, ինչ ունես: Կենտրոնացի՛ր Աստծո վրա, Ով կատարյալ է, ու այն բանի վրա, թե ինչ կարող է Նա անել քո մեջ և քո միջոցով:

Իբրև ճաքած աման՝ դու կարող ես հրաշալի բաներ իրականացնել: Դու կարող ես ինչ-որ մեկին երջանկացնել: Դու կարող ես քաջալերել, խրատել և հորդորել քեզ շրջապատողներին: Դու կարող ես օգտագործել քո պարգևներն ու տաղանդները Աստծուն ծառայելու համար:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, միգուցե ես «ճաքած աման» եմ, բայց Դու Բրուտն ես, ու Դու կարող ես օգտագործել ինձ Քո նպատակների համար՝ չնայած իմ թերություններին: Լցրո՛ւ ինձ Քո բարությամբ ու լույսով, որպեսզի ես կարողանամ տարածել դրանք այն աշխարհում, որտեղ ես ապրում եմ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon