«Տերն ուղղորդում է բարեպաշտների քայլերը: Նա զմայլվում է նրանց կյանքի յուրաքանչյուր մանրուքով»: — Սաղմոս 37.23, NLT
Քրիստոնեական կյանքը կարելի է նմանեցնել ճանապարհորդության: Սուրբ Հոգին մեր ուղեկցորդն է…Նա ամեն օր առաջնորդում է մեզ: Եվ Նա միշտ առաջնորդում է մեզ այնտեղ, որը լավագույնն է մեր կյանքի համար: Հաջող և հաճելի ճանապարհորդության բանալին Նրան հետևելն է:
Բայց ի՞նչ է նշանակում հետևել Աստծուն: Հիմնականում հնազանդվել Նրան, հետևել Նրա առաջնորդությանը և անել այն, ինչ Նա ասում է:
Այնքան շատ է լինում, երբ մենք Աստծուց առաջ ենք ընկնում: Մեզ թվում է, թե գիտենք լավագույն ուղղությունը կամ անհամբեր ենք դառնում Նրա ժամանակի հարցում ու սխալ շրջադարձ կատարում՝ կարծելով, թե այդպես ավելի արագ կհասնենք: Խնդիրն այն է, որ հենց գիտակցում ենք, որ այդ ճանապարհը տանում է փակուղի, ստիպված ենք լինում նույն ճանապարհով վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել ենք:
Բարի լուրն այն է, որ Աստված մեզ չի թողել ու սպասում է, որ կրկին առաջնորդի և ցույց տա մեզ ճիշտ ճանապարհը:
Տերը կատարյալ կերպով ծրագրել է մեզանից յուրաքանչյուրի ճանապարհորդությունը: Մենք կարիք ունենք լիովին հասկանալու, որ Նա սիրում է մեզ, որ Նա բարի է և արդար, և մենք կարող ենք վստահել Նրան:
Մենք կարող ենք վստահել Նրան՝ առաջնորդելու մեզ ճիշտ ուղղությամբ: Մենք կարող ենք վստահել Նրան՝ ուղղելու մեզ, երբ շեղվում ենք, և բռնելու ճիշտ ճանապարհը: Մենք կարող ենք վստահել Նրան ուրիշներին, ովքեր հանդիպում են մեր ճանապարհին: Մենք կարող ենք վստահել Նրան մեր կյանքը:
Հետևի՛ր Սուրբ Հոգու առաջնորդությանը, որովհետև Նա գիտի ճանապարհը, և Նա միշտ կմնա քեզ հետ: Վստահի՛ր Նրան, որ Նա առաջնորդի քեզ դեպի այն բոլոր բարիքները, որ Նա ծրագրել է քո կյանքի համար շատ վաղուց, նախքան քո ծնվելը: Եվ վայելի՛ր ճանապարհորդությունը:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է, որ Դու ուղղորդում ես բարեպաշտների քայլերը: Ես վստահում եմ Քեզ՝ առաջնորդելու այն ճանապարհորդությունը, որ նախատեսել ես ինձ համար, և ես գիտեմ, որ երբ շեղվեմ ճանապարհից, Դու միշտ այնտեղ ես, որպեսզի օգնես ինձ վերականգնվելու և շարունակելու ճանապարհը: