Արդյո՞ք լսում ես Նրան

Արդյո՞ք լսում ես Նրան

«Շատ բան ունենք ասելու, որ դժվար է բացատրել, որովհետև ձեր [հոգևոր] լսողությունը բթացել է, և դուք դարձել եք դանդաղկոտ [նույնիսկ ծույլ՝ հոգևոր խորաթափանցություն ունենալու հարցում]» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 5.11, AMP):

Երբևէ հանդիպե՞լ ես որևէ մեկին, ով հարցեր է տալիս, բայց երբեք չի սպասում պատասխանները լսելուն, կամ՝ ինքն է պատասխանում իր հարցերին: Դժվար է խոսել այնպիսի մարդու հետ՝ ով չի լսում: Ես վստահ եմ, որ Աստված չի փորձում խոսել այսպիսի վերաբերմունք ունեցող մարդկանց հետ: Եթե մենք չլսենք Նրան, Նա կգտնի մեկին, ով մեծ ցանկություն ունի լսելու այն, ինչ Նա ուզում է ասել:

Եբրայեցիների 5.11-ում զգուշացվում է, որ մենք բաց կթողնենք կյանքի արժեքավոր սկզբունքները, եթե չունենանք լսելու պատրաստակամություն: Լսելու պատրաստակամությունը թույլ չի տա, որ մեր լսողությունը բթանա: Լսելու պատրաստակամություն ունեցող մարդը նա չէ, ով ուզում է լսել Աստծուց միայն այն ժամանակ, երբ նեղության մեջ է կամ Աստծո օգնության կարիքն ունի, այլ նա, ով ցանկանում է լսել, թե ինչ է Աստված ասում կյանքի յուրաքանչյուր բնագավառի վերաբերյալ:

Երբ ակնկալում ենք մարդուց որևէ բան լսել, մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք նրա վրա. մեր ականջները պատրաստ են լսելու նրա ձայնը: Նույնը վերաբերում է Աստծո հետ մեր փոխհարաբերությանը. ամեն օր պետք է ակնկալենք լսել Աստծուց և ուշադրություն դարձնենք Նրա ձայնին:

Հիսուսն ասաց, որ մարդիկ ունեն ականջներ, բայց չեն լսում, և ունեն աչքեր, բայց չեն տեսնում (տե՛ս Մատթեոս 13.9-16): Նա չէր խոսում ֆիզիկական լսողության և տեսողության մասին, այլ՝ հոգևոր ականջների և աչքերի, որոնք տրվում են մեզ, երբ վերստին ծնվում ենք Աստծո Արքայության մեջ: Հոգևոր ականջներով մենք լսում ենք Աստծո ձայնը: Մենք ապահովված ենք անհրաժեշտ ամեն ինչով Աստծուց լսելու համար, բայց պետք է հավատանք, որ կարող ենք լսել Նրանից: Աստծո բոլոր խոստումները մեր կյանքում դառնում են իրականություն հավատքի միջոցով, ուստի այսօր սկսի՛ր հավատալ, որ դու կարող ես լսել, և դու լսում ես Աստծուց:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գործածի՛ր հոգևոր ականջներդ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon