«Որովհետև մենք Աստծո ստեղծածն ենք (Նրա ձեռքի աշխատանքը)՝ Քրիստոս Հիսուսով հաստատված [նոր ծնված], որ անենք այն բարի գործերը, որ Աստված նախասահմանեց (նախօրոք ծրագրեց) մեզ համար» (ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻ 2.10):
Տարիներ առաջ, երբ սկսեցի ավելի մտերիմ հարաբերություններ հաստատել Աստծո հետ, ես սպասում էի Նրանից հատուկ հաստատություն այն ամենի համար, ինչ ցանկանում էի անել: Հետո հասկացա, որ Նրա Հոգին ապրում է իմ մեջ, որպեսզի մղի ինձ բարի գործեր անելու: Աստծուն հետևելու վաղ տարիներին մեկ անգամ սրտումս ցանկություն առաջացավ տասը դոլար տալ կարիքավոր մի կնոջ: Երեք շաբաթ այդ ցանկությունը պահեցի իմ սրտում, մինչև, ի վերջո, աղոթեցի. «Աստվա՛ծ, Դո՞ւ ես ինձ ասում, որ այդ կնոջը գումար տամ: Եթե իսկապես Դու ես ասում, ուրեմն ես կանեմ դա»: Այն ժամանակ տասը դոլարը բավականին գումար էր, և ես չէի ուզում դրանից հրաժարվել, մինչև հստակ չուղղորդվեի Աստծուց:
Նա շատ պարզ խոսեց. «Ջո՛յս, եթե նույնիսկ Ե՛ս չեմ ասում, ապա չեմ բարկանա, եթե օրհնես որևէ մեկին»:
Այն փաստը, որ Աստծո Հոգին բնակվում է մեր մեջ, հաստատվում է Հոգու պտուղներով, որոնցից մեկը բարությունն է (տե՛ս Գաղատացիների 5.22,23): Այդ է պատճառը, որ մենք ցանկանում ենք բարի լինել մարդկանց հանդեպ: Աստված Աբրահամին ասաց, որ օրհնելու է իրեն, որպեսզի ինքը կարողանա օրհնություն լինել ուրիշների համար (տե՛ս Ծննդոց 12.2): Պատկերացրո՛ւ, թե որքան փառահեղ կլիներ հասնել այն կետին, որ պարզապես ապրեինք ուրիշներին երջանկացնելու համար՝ որպես ծառայություն Աստծուն:
Աշխարհը լի է կարիքավորներով: Ինչ-որ տեղ միշտ կա մեկը, ով քաջալերանքի կարիք ունի: Ինչ-որ մեկը դայակի կարիք ունի, մեկ ուրիշը՝ փոխադրամիջոցի, մյուսը՝ ֆինանսական օգնության: Ես հայտնաբերել եմ, որ երբ ժամանակ եմ անցկացնում Աստծո հետ, ինչ-որ մեկին օգնելու մեծ ցանկություն եմ ունենում, և հասկացել եմ, որ այդ ցանկության միջոցով Աստված խոսում է ինձ հետ: Աստված բարի է, և երբ ժամանակ ենք անցկացնում Նրա հետ, մենք ուզում ենք բարիք անել ուրիշներին:
Խնդրի՛ր Աստծուց, որ ցույց տա, թե ում կարող ես օրհնել, և հիշի՛ր՝ որտեղ սեր կա, այնտեղ Աստված է բնակվում (տե՛ս Ա Հովհաննես 4.12):
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. օգտվի՛ր բարիք անելու յուրաքանչյուր հնարավորությունից: