«Ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ՝ հոգևորապես»: ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 8.1
Այնքան մխիթարական է իմանալ, որ Աստծո գթությունը և բարությունը նոր են ամեն առավոտ: Իր մեծ շնորհքով Աստված հնարավոր է դարձրել, որ ձեր անցյալը չունենա որևէ զորություն ձեզ վրա: Հարկ չկա, որ դուք ունենաք մեղքի զգացում և ապրեք դատապարտության մեջ անցյալի ձախողումների համար, դուք կարող եք ապրել պայծառ ապագայի մեծ հույսով:
Աստծո գործն է ներել մեզ. մեր գործն է ընդունել ներման, ողորմության Նրա շնորհառատ պարգևը և ամեն բան նորովի սկսել: Շատերը մտածում են. «Ինչպե՞ս կարող էր Աստված ներել ինձ, երբ ես այսքան վատ բաներ եմ արել»: Բայց ճշմարտությունն այն է, որ Աստված կարող է հաղթել և մեզ համար անել ավելին, քան երբևէ կարող ենք պատկերացնել (տե՛ս Եփես. 3.20):
Երբ խնդրում ենք, որ Աստված ների մեզ, Նա հավատարիմ է և արդար անելու դա: Նա շարունակ մաքրում է մեզ ամեն անիրավությունից (տե՛ս Ա Հովհ. 1.9): Գրված է, որ մենք նոր արարածներ ենք, երբ մտնում ենք Քրիստոսի հետ փոխհարաբերության մեջ (տե՛ս Բ Կորնթ. 5.17): Հներն անցնում են, և մենք ունենք հնարավորություն նոր սկզբի համար: Մենք դառնում ենք նոր հոգևոր կավ, որի հետ Աստված կարող է աշխատել: Նա այնպես է անում, որ մեզնից յուրաքանչյուրն ունենա նոր սկիզբ. մենք պարզապես պետք է պատրաստակամ լինենք բաց թողնելու անցյալը և Աստծո հետ շարժվելու առաջ: