
«Որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, և բոլոր անդամները միևնույն գործը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսում, բայց ամեն մեկը միմյանց անդամ է» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.4,5):
Այսօրվա խոսքերը սովորեցնում են պարգևների զանազանության մասին, որոնք տրվում են անհատներին: Մենք մեկ մարմնի անդամներ ենք Քրիստոսում, իսկ Նա գլուխն է: Ֆիզիկական տեսանկյունից մարմնի բոլոր մասերը պետք է կապված լինեն գլխի հետ, որպեսզի ամեն բան ճիշտ գործի: Ֆիզիկական մարմնի տարբեր մասերը միասին են գործում. դրանք չեն նախանձում միմյանց կամ չեն մրցում միմյանց հետ: Ձեռքերն օգնում են ոտքերին՝ կոշիկներ հագնելիս: Ոտքերը մարմնին տանում են այնտեղ, որտեղ անհրաժեշտ է: Բերանը կատարում է խոսելու դերը: Մարմինը շատ անդամներ ունի. դրանք նույն գործառույթը չունեն, բայց աշխատում են միասին՝ մեկ ընդհանուր նպատակի համար: Քրիստոսի հոգևոր մարմինը պետք է գործի նույնկերպ: Այդ է պատճառը, որ Սուրբ Հոգին օգտագործեց ֆիզիկական մարմնի օրինակը, երբ ներշնչեց Պողոսին՝ գրելու Հռոմեացիների թուղթը:
Երբ փորձում ենք գործել այլ կերպ, քան Աստված նախատեսել է, հայտնվում ենք ճնշման տակ: Բայց երբ վարվում ենք այնպես, ինչպես Աստված է նախատեսել, վերապրում ենք ուրախություն, բավականություն և ստանում մեծ վարձք: Մենք պետք է աշխատենք Սուրբ Հոգու հետ, որպեսզի բացահայտենք մեր յուրահատուկ ճակատագիրը, ապա անենք հնարավոր ամեն բան այն իրականացնելու համար: Դու հմուտ կլինես այն բանում, ինչի համար Աստված քեզ օժտել կամ կարողություն է տվել, ուստի պարզի՛ր, թե որն է քո հմտությունը, և գործի՛ր:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. եթե ուզում ես գործածվել Աստծո կողմից, գտի՛ր որևէ կարիք և լրացրո՛ւ այն: