
«Գցի՛ր Տիրոջ վրա քո գործերը (լիովին հանձնի՛ր և վստահի՛ր դրանք Աստծուն. Նա կհամաձայնեցնի քո մտքերը Աստծո կամքին), և կհաստատվեն ու կհաջողվեն քո ծրագրերը» (ԱՌԱԿԱՑ 16.3):
Եթե ուզում ենք մտերիմ փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ և ապրել Նրան նվիրված կյանքով, մեզ վերաբերող ամեն ինչ պետք է բերենք Նրա առջև ու ասենք. «Աստվա՛ծ, ես սա Քեզ եմ տալիս: Քեզ եմ տալիս այս խնդիրը: Քեզ եմ տալիս այս իրավիճակը: Քեզ եմ տալիս այս փոխհարաբերությունը: Ես լիովին բաց եմ թողնում այս ամենը: Սա չափազանց շատ է ինձ համար: Ես այլևս չեմ անհանգստանալու ու չեմ փորձելու ամեն բան հասկանալ, թույլ եմ տալու, որ Դու հոգաս ամենի ինչի համար: Աստվա՛ծ, Քեզ եմ տալիս նաև ինձ, որովհետև անկարող եմ որևէ բան անել՝ ինքս ինձ փոխելու համար: Ամենը Քեզ եմ տալիս: Քեզ եմ տալիս իմ ուժեղ և թույլ կողմերը: Ես ուզում եմ փոխվել, բայց Դո՛ւ պետք է փոխես ինձ»: Ինձ համար հրաշալի օր էր, երբ ի վերջո հասկացա, որ Աստծո գործն էր ինձ փոխելը, իսկ իմ գործը՝ հավատալը:
Սաղմոս 37.5-ում ասվում է. «Տիրոջը hանձնի՛ր քո ճանապարհը և Նրան հուսա՛, և Նա կկատարի»: Ի՞նչ է նշանակում՝ մեր ճանապարհները հանձնել Աստծուն: Դա նշանակում է գցել դրանք Աստծո վրա: Երբ մեր խնդիրներն ու մարդկային դատողությունները գցում ենք Աստծո վրա, ինչը նշանակում է՝ լիովին վստահել Նրան, Նա փոխում է մեր մտքերը, և դրանք համաձայնեցնում Իր կամքին: Այլ կերպ ասած՝ Նրա մտքերը դառնում են մեր մտքերը, որպեսզի մենք ցանկանանք այն, ինչ Նա է ցանկանում: Երբ դա տեղի ունենա, մեր ծրագրերը կհաջողվեն, որովհետև դրանք լիարժեք համաձայնության մեջ են Աստծո ծրագրերի հետ: Ազատվի՛ր և բա՛ց թող բոլոր հոգսերդ ու հանգստացի՛ր, որպեսզի կարողանաս լսել, թե ինչ է Աստված ասում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. գցի՛ր բոլոր խնդիրներդ Աստծո վրա: