«Ինձ մո՛տ եկեք, բոլոր վաստակածներ և բեռնավորվածներ, և Ես հանգիստ կտամ ձեզ [Ես կհանգստացնեմ, կսփոփեմ և կթարմացնեմ ձեր անձերը]» (ՄԱՏԹԵՈՍ 11.28):
Աստծուց լսելու ամենամեծ խոչընդոտն այն է, երբ փորձում ենք մոտենալ Նրան գործերի, ոչ թե Նրա հետ անձնական փոխհարաբերության միջոցով, որը կարող ենք ունենալ վերստին ծնվելով և Նրա հետ կանոնավոր կերպով հաղորդակցվելով: Աստված կտա քեզ այն ուժն ու զորությունը, որ անհրաժեշտ են Նրան արդարությամբ և սրբությամբ ծառայելու համար: Հիսուսը դաժան վերակացու չէ, ինչպես տեսնում ենք նաև այսօրվա խոսքում: Ըստ էության, Նա ասում է. «Ես բարի եմ: Իմ համակարգը լավն է. այն դաժան, խիստ, ծանր կամ ճնշող չէ»: Դու կարող ես հեշտությամբ գերծանրաբեռնվել՝ փորձելով անել այն, ինչ զգում ես, որ ակնկալվում է քեզնից: Բայց Հիսուսն այսօր ասում է. «Ես քեզ չեմ ծանրաբեռնի և չեմ պահանջի բաներ, որոնք ուժասպառ կանեն քեզ: Իմ ծրագիրը քեզ համար հարմար է, հաճելի և շնորհառատ»:
Երբ Աստված որևէ բան է հանձնարարում, Նա նույնպես օգնում է, որ անենք դա: Նա տալիս է մեզ կարողություն, ուժ, խաղաղություն և ուրախություն: Աստծո կամքը կատարելիս՝ Նա թարմացնում է մեզ, մինչ մենք աշխատում ենք: Իսկ եթե ծանրաբեռնված ես զգում, գուցե անում ես բաներ, որոնք Աստված չի խնդրել, որ անես, կամ, գուցե, փորձում ես անել դրանք սեփական ուժերով: Հարցրո՛ւ Նրան, թե ինչ է ուզում, որ անես և չանես, ու եղի՛ր բավականաչափ համարձակ՝ հեռացնելու այն, ինչը Նա չի օրհնում:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. քո ժամանակացույցից հեռացրո՛ւ այն ամենը, ինչը բարի պտուղ չի բերում: