«Բայց ժամանակ կգա, և հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով և ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետև Հայրն էլ այսպես է ուզում Իր երկրպագողներից» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.23):
Աշխարհը հաճախ մտածում է երկրպագության մասին՝ որպես «կրոնական արարողության», ինչը շատ հեռու է երկրպագության աստվածաշնչյան գաղափարից: Երբ մարդիկ հարցնում են. «Որտե՞ղ ես երկրպագում», նրանք հաճախ պարզապես ուզում են իմանալ, թե ինչ եկեղեցի ես հաճախում: Երբ Աստվածաշնչում կարդում ենք երկրպագության վերաբերյալ, տեսնում ենք, որ երկրպագությունը անձնական փոխհարաբերությունն է Աստծո հետ. Ում հետ կարող ենք խոսել, և Ով խոսում է մեզ հետ: Մենք կարդում ենք հոգևոր մտերմության և ջերմեռանդ անձնվիրման, Աստծուն ամբողջ սրտով սիրելու և երկրպագելու մասին: Սա է ճշմարիտ երկրպագությունը. այն բորբոքվում է մեր ներսում, երբ նախանձավոր ենք Աստծո հանդեպ և խանդավառվում ենք Նրանով:
Համաձայն այսօրվա խոսքի՝ Աստված փնտրում է ճշմարիտ, անկեղծ երկրպագուներ, որոնք ի սրտե կերկրպագեն Իրեն:
Ինձ միշտ տխրեցրել է այն փաստը, որ Աստված փնտրում է ճշմարիտ երկրպագուների: Ես կարծում եմ, որ այդպիսիք շատ պետք է լինեն: Ինձ համար հետաքրքիր է, որ Նա չի ուզում, որ ինչ-որ մեկը պարզապես երկրպագի Իրեն. Նա ուզում է ճշմարիտ և անկեղծ երկրպագուներ: Նա չի փնտրում մարդկանց, որոնք կերկրպագեն վախից կամ պարտավորությունից դրդված: Նա փնտրում է նրանց, ովքեր կերկրպագեն Իրեն, որովհետև սիրո փոխհարաբերության մեջ են Իր հետ:
Ճշմարիտ երկրպագությունը ավելին է, քան եկեղեցական ծառայությանը հաճախելը և երգեր երգելը: Մենք պետք է երկրպագենք Աստծուն մեր ամբողջ կյանքով՝ ամեն բան անելով Նրա համար և Նրա միջոցով: Անկեղծ երկրպագությունը բխում է Աստծո հետ մտերմությունից, և այն մեզ զգայուն է դարձնում Նրա ձայնի հանդեպ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ երկրպագիր վախից դրդված. երկրպագի՛ր սիրուց մղված: