
«Եվ ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, երդում մի՛ արեք ոչ երկնքով, ոչ երկրով և ոչ էլ մի ուրիշ երդումով, բայց թող լինի ձեր այոն՝ այո, և ոչը՝ ոչ, որ դատաստանի տակ չընկնեք»: —Հակոբոս 5.12
Անվճռականությունը թշվառ վիճակ է և անկասկած պարզ կյանքի պտուղ չէ: Հակոբոս առաքյալն ասում էր, որ երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում:
Սխալ որոշումներ կայացնելու վախից անվճռական լինելը քեզ ոչ մի տեղ չի տանի: Քո կարծիքով որքա՞ն ժամանակ ենք վատնում, երբ չենք կարողանում հստակ որոշում կայացնել:
Հաճախ մենք շատ ենք չարչարվում մեր առջև դրված ընտրությունների հարցում, երբ ընդամենը պետք է որոշում կայացնել ու առաջ անցնել: Սա կարող է պարզ օրինակ լինել, սակայն մտածի՛ր այս մասին. երբ առավոտյան կանգնում ես զգեստապահարանիդ առջև՝ նայելով ամբողջ հագուստիդ, պարզապես մի բան ընտրի՛ր ու հագի՛ր: Մի՛ գնա ետ ու առաջ այնքան, մինչև ուշանաս աշխատանքից:
Թո՛ւյլ տուր խրախուսել քեզ որոշումներ կայացնել՝ առանց ենթադրությունների կամ կատարած որոշումների համար անհանգստանալու: Մի՛ եղիր երկմիտ կամ հեղհեղուկ, որովհետև որոշումներ կայացնելուց հետո դրանց կասկածելը կգողանա այն բավարարվածությունը, որ ստանում ես ցանկացած բան անելիս: Կայացրո՛ւ լավագույն որոշումները, որ կարող ես և վստահի՛ր Աստծուն արդյունքների համար:
Աղոթքի սկիզբ
Շնորհակալություն, Սո՛ւրբ Հոգի, որ ինձ ցույց ես տալիս, որ անվճռականությունը իսկապես ոչ մի տեղ չի տանում: Օգնի՛ր ինձ, որ իմ «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ: Ես գիտեմ, որ ես չեմ կարող սխալվել, երբ կայացնեմ լավագույն որոշումները, որ կարող եմ, և արդյունքները վստահեմ Քեզ: