«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով (ես պատրաստ եմ և ընդունակ ցանկացած բանի Նրա միջոցով, Ով լցնում է ինձ ներքին ուժով. ես ինքնաբավ եմ Քրիստոսի բավարարությամբ)»: ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.13
Շատ հաճախ, երբ որևէ մեկը մոտենում է ինձ խորհրդի և աղոթքի համար, և ես ասում եմ, թե ինչ է գրված Աստծո Խոսքում, կամ, իմ կարծիքով, ինչ է ասում Սուրբ Հոգին, նրա արձագանքը լինում է հետևյալը. «Ես գիտեմ՝ դա ճիշտ է: Աստված նույնը ցույց է տալիս ինձ: Բայց, Ջո՛յս, դա չափազանց դժվար է»: Սա ամենատարածված արդարացումն է, որ լսում եմ մարդկանցից:
Երբ Աստծո Խոսքում սկսեցի կարդալ այն մասին, թե ինչպես կարող էի ավելի նմանվել Հիսուսին, այնուհետև ինձ համեմատեցի դրա հետ, ես նույնպես ասացի. «Ես ցանկանում եմ Քեզ պես վարվել, բայց դա այնքան դժվար է»: Աստված գթառատորեն ցույց տվեց, որ սա մի սուտ է, որ թշնամին փորձում է ներարկել մեր մտքի մեջ, որպեսզի հանձնվենք: Բայց Աստծո պատվիրանները երբեք չափազանց դժվար չեն, եթե կատարենք դրանք Քրիստոսի զորությամբ:
Աստծո առջև հնազանդությամբ քայլելը չափազանց դժվար չէ, որովհետև Նա տվել է մեզ Իր Հոգին՝ մեր ներսում զորավոր կերպով գործելու համար և օգնելու, որ անենք այն, ինչ խնդրել է մեզնից (տե՛ս Հովհ. 14.16): Նա մեր մեջ է և մեզ հետ է ամեն ժամանակ, որպեսզի կարողություն տա անելու այն, ինչ մենք չենք կարող, և հեշտությամբ կատարելու այն, ինչը դժվար կլիներ անել առանց Նրա: