
«Եվ ամբողջ Հուդան կանգնած էր Տիրոջ առջև, նաև նրանց երեխաները, նրանց կանայք և որդիները» (Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20.13)։
Ինձ մասնավորապես դուր է գալիս այսօրվա խոսքը և այն փաստը, որ ամբողջ ազգը հանգիստ կանգնեց Աստծո առջև: Բանն այն է, որ Աստծո տնտեսության մեջ հավատքով հանգիստ կանգնելը գործողություն է: Անշուշտ, դա ֆիզիկական գործողություն չէ, այլ՝ հոգևոր: Կյանքում հաճախ դիմում ենք ֆիզիկական գործողությունների և քիչ ենք անում կամ ոչինչ չենք անում հոգևոր առումով: Բայց երբ ինքներս մեզ սովորեցնում ենք դադարել և սպասել Տիրոջը, ներգրավվում ենք հզոր հոգևոր գործունեության մեջ: Դադարելու մեր պատրաստակամությունը Տիրոջն ասում է հետևյալը. «Ես սպասելու եմ Քեզ այնքան, մինչև որևէ բան անես այս իրավիճակի վերաբերյալ: Մինչ այդ ես կմնամ խաղաղ և կվայելեմ կյանքը՝ լիովին ապավինելով Քեզ»:
Հուդայի ժողովուրդը, որ կանգնել էր Տիրոջ առջև, ուներ բոլոր պատճառները (կանգնելուց բացի) ինչ-որ բան անելու համար: Բախվելով ահռելի ուժի, որը սպառնում էր ավերել երկիրը և ստրկացնել բոլորին, Հուդայի ժողովուրդը պետք է որ գայթակղվեր ապստամբելու կամ առնվազն ինքն իրեն պաշտպանելու: Բայց նրանք այդպես չվարվեցին: Փոխարենը հանգիստ կանգնեցին՝ ապավինելով Տիրոջը, և Նա հրաշքով ազատեց նրանց:
Աստծուն ապավինելը բերում է ուժ (տե՛ս Եսայի 40.31): Այն ուժը, որը ձեռք ենք բերում Աստծուն սպասելիս, կարող է անհրաժեշտ լինել Աստծո հրահանգները կատարելու համար: Ովքեր ապավինում են Տիրոջը, լսում են Նրա ձայնը, ստանում պատասխաններ, կանգնում ճիշտ ուղու վրա և նորոգվում ուժով, որպեսզի անեն այն, ինչ Նա պատվիրում է:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Տիրոջ առջև հանգիստ կանգնելը հավատք է և հոգևոր գործողություն: