«Ուստի, Նրանով ամեն ժամանակ Աստծուն փառաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ Նրան երախտագիտություն հայտնող, Նրա անունը դավանող և փառաբանող շրթունքների պտուղ» (ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻ 13.15):
Այսօրվա խոսքում նշված «փառաբանության զոհ մատուցել» արտահայտությունը հաճախ մեկնաբանում ենք որպես ոչ ավելի, քան փառաբանել Աստծուն այն ժամանակ, երբ ցանկություն չունենք, ու դա, անշուշտ, կարող է լինել զոհաբերության մի տեսակ: Սակայն, ես կարծում եմ, որ Եբրայեցիների թղթի հեղինակն իրականում հղում էր անում Հին կտակարանի զոհաբերության համակարգին, որը պահանջում էր կենդանիների արյուն՝ մարդկանց մեղքերը քավելու համար:
Մենք ապրում ենք Նոր կտակարանի ժամանակներում, երբ այլևս կարիք չկա զոհասեղանին դնելու մորթված ոչխարներ, նոխազներ և խոյեր: Փոխարենը, այն զոհը կամ զոհաբերությունը, որ Աստված այսօր ուզում է մեզնից, մեր շուրթերից դուրս եկող ճիշտ խոսքերն են: Ինչպես Հին ուխտում կենդանիների զոհաբերության ծուխը և հոտը բարձրանում էին Նրա գահի առջև, այսօր էլ Նրա առջև, իբրև զոհ, բարձրանում է մեր սրտերի փառաբանությունը: Եբրայեցիների 13.15-ում Տերն իրականում ասում էր. «Այն զոհը, որ այժմ Ես ուզում եմ, ձեր՝ երախտագիտություն հայտնող շուրթերի պտուղն է»:
Սուրբգրային այս խոսքը պետք է կիրառենք մեր կյանքում՝ օգտագործելով յուրաքանչյուր հնարավորություն՝ Աստծուն փառաբանելու համար: Մենք պետք է պատմենք մարդկանց այն հրաշալի բաները, որ Նա անում է մեզ համար. մենք պետք է շնորհակալություն հայտնենք Նրան և ասենք, որ սիրում ենք Իրեն: Մեր սրտում և մեր շուրթերով պիտի մշտապես ասենք. «Տե՛ր, ես սիրում եմ Քեզ: Անչափ շնորհակա՛լ եմ այն ամենի համար, որ անում ես իմ կյանքում: Տե՛ր, փա՜ռք եմ տալիս Քեզ, որ այսօր հոգ ես տանում ինձ վերաբերող ամեն ինչի համար»: Մենք պետք է լինենք փառաբանող մարդիկ՝ «ամեն ժամանակ» երախտապարտ լինելով Աստծուն, մշտապես փառաբանության զոհ մատուցելով Նրան:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. այսօր փառաբանի՛ր Աստծուն այնքան, որքան կարող ես: