«Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ընտրեցի ձեզ և ձեզ դրի, որ գնաք և պտուղ բերեք…»: ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.16
Երբ Աստված ընտրում է մեզ Իր աստվածային ծրագրերի ու նպատակների համար, Նա օգտագործում է աշխարհից տարբերվող այլ չափանիշներ: Աշխարհն ընտրում է մարդկանց՝ հիմնվելով նրանց տեսքի, տաղանդի, կրթության կամ ձեռքբերումների վրա, բայց Աստված այդպես չի անում: Իրականում, Ա Կորնթացիների 1.26-29-ում գրված է, որ Աստված ընտրում է այն, ինչ, աշխարհի կարծիքով, հիմարություն է, որպեսզի ամաչեցնի իմաստուններին, և այն, ինչ աշխարհը համարում է տկար, որպեսզի ամաչեցնի զորավորներին:
Ես այնքան ուրախ եմ, որ Աստված միտումնավոր ընտրում է մեզ՝ չնայած մեր տկարություններին: Երբ Աստված ցանկացավ իրականություն դարձնել «Ջոյս Մայերի ծառայության» գաղափարը, Նա չփնտրեց ամենաորակավորվածներին: Նա ընտրեց մեկին, ով սիրում էր Իրեն, ով ջանասիրաբար կաշխատեր, և ով վճռական էր: Ես չունեմ հատուկ տաղանդ՝ բացի հաղորդակցվելու հմտությունից, սակայն նույնիսկ այս դեպքում իմ ձայնը մի փոքր անսովոր է: Ես վստահ եմ, որ աշխարհը կմերժեր ինձ՝ որպես որակավորում չունեցողի, բայց, բարեբախտաբար, Աստված չմերժեց:
Ինչ որ ճշմարիտ է իմ կյանքի համար, ճշմարիտ է նաև ձեր կյանքի համար: Մարդիկ կարող են նայել արտաքինին, բայց Աստված նայում է սրտին: Գուցե ուրիշներն ավելի որակավորված են կամ տաղանդավոր, բայց Նրա ընտրությունը հիմնված չէ տեսքի, կրթության, ունեցվածքի կամ, նույնիսկ, տաղանդների վրա: Այն հիմնված է ձեր սրտի վերաբերմունքի վրա: Եթե ունեք բարի սիրտ Աստծո հանդեպ և ճիշտ վերաբերմունք, Աստված ձեր կյանքի միջոցով կարող է անել ավելին, քան երբևէ կարող եք մտածել: