«Որ վերապրեք Քրիստոսի սերը, չնայած այն չափազանց մեծ է լիովին հասկանալու համար: Ապա լինեք լիարժեք՝ այն կյանքի և զորության լիությունով, որ գալիս է Աստծուց»: — Եփեսացիների 3.19, NLT
Մեր ամուսնության վաղ շրջանում Դեյվը և ես ծանր տարիների միջով էինք անցնում, և մեծ մասամբ դրա պատճառն այն էր, որ ես կարիք ունեի, որ Աստված բժշկեր ինձ իմ անցյալից, քանի որ ես սեռական, հուզական և խոսքային բռնության էի ենթարկվել հորս կողմից: Աստված հանեց ինձ դրա միջից բազմաթիվ արցունքների և դժվար պահերի միջոցով, որոնք պահանջում էին ինձանից վրեժխնդրության փոխարեն ընտրել ներումը: Նա նաև օգտագործեց իմ վկայությունը ուրիշների կյանքում բշկություն բերելու համար:
Երբ Աստված բժշկում է քեզ քո անցյալի ցավից, Նա ուզում է ոչ միայն օգնել քեզ, այլև քո փորձառությունն օգտագործել որպես դարպաս, որի միջով ուրիշները կարող են վերապրել նույն բժշկությունը:
Ի վերջո՝ ես հասա այն կետին, որ Աստված առաջնորդեց ինձ ու Դեյվին ծնողներիս տեղափոխելու Սենթ Լուիս և անգամ տուն գնելու նրանց համար, ինչը չափազանց դժվար էր ինձ համար: Սակայն վերջում հայրս ներողություն խնդրեց ինձնից իր բոլոր արածների համար և նույնիսկ ընդունեց Հիսուսին:
Ես վերապրեցի հուզական առողջության բոլորովին նոր մակարդակ, որովհետև թույլ տվեցի Աստծուն ներման զորության միջոցով բժշկել ինձ և օգտագործել իմ վերականգնումը հորս բժշկելու համար:
Մենք բոլորս կարող ենք վիրավորվել բազմապիսի եղանակներով: Միայնակությունը, հիասթափությունը, վախը և անապահովությունը ընդունակ են խորապես ցավ պատճառելու մեզ: Ես չէի կարողանում իմ անցյալի վիրավորանքից այն կողմ գնալ, մինչև չընդունեցի և չվերապրեցի Աստծո սերը՝ թույլ տալով Նրան պտտել ամեն բան:
Նախքան կկարողանաս վիրավորանքից ու ցավից այն կողմ անցնել և սովորել սիրել ու ներել ուրիշներին, դու պիտի վերապրես Աստծո սերը:
Անցյալի հետ գործ ունենալիս հիշի՛ր, որ Աստված անչափ սիրում է քեզ: Աստվածաշունչն ասում է, որ մենք լիարժեք ենք միայն այն ժամանակ, երբ վերապրում ենք Քրիստոսի սերը, որն այնքան մեծ է, որ երբեք չենք կարող լիովին հասկանալ: Երբ ընդունես Նրա սերը, քո սրտում բժշկություն կսկսվի, և դու կդառնաս լիարժեք Նրա կյանքի լիությամբ:
Աղոթքի սկիզբ
Տե՛ր, ես հավատում եմ, որ Դու կարող ես օգնել ինձ հաղթահարելու իմ անցյալի ցավն ու վիրավորանքը և օգտագործել իմ բժշկությունը ուրիշներին օգնելու համար: Օգնի՛ր ինձ վերապրելու Քրիստոսի սերը և դարձրու ինձ լիարժեք Քո կյանքի և զորության ողջ լիությամբ: