«Ունենալով զանազան պարգևներ (ընդունակություններ, տաղանդներ, առանձնահատկություններ) այն շնորհքի համաձայն, որ մեզ տրված է, եկե՛ք օգտագործենք դրանք…» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻ 12.6):
Աստված օժտել և շնորհել է մեզ՝ գործելու այն պարգևներով, որոնք տրվել են մեզ: Այսօրվա խոսքում ասվում է, որ պարգևները պետք է օգտագործենք համաձայն այն շնորհքի, որ մեզ վրա է:
Երկու մարդ կարող են ունենալ սովորեցնելու պարգև, սակայն մեկը կարող է լինել ավելի ուժեղ ուսուցիչ, քան մյուսը, որովհետև Աստված նրան ավելի շատ շնորհք է տվել այդ կոչման համար: Ինչո՞ւ: Որովհետև Սուրբ Հոգին բաժանում է պարգևները նրանց, ում կամենում է (տե՛ս Ա Կորնթացիների 12.11): Նա ունի Իր պատճառներն այն ամենի համար, ինչ անում է, և մենք պետք է վստահենք Նրան: Պետք է շնորհակալ լինենք նրա համար, ինչ Նա տալիս է մեզ, և չնախանձենք մեկ ուրիշի պարգևին: Մենք չենք կարող սիրել մարդկանց և միաժամանակ նախանձել նրանց պարգևներին:
Իմ ամուսինը կարող էր նախանձել, որովհետև Աստված տվել է ինձ քարոզելու պարգև, իսկ նրան՝ ոչ: Դեյվը վաղուց հասկացել է, որ երջանիկ չի լինի, եթե փորձի գործել այն շնորհքից դուրս, որ տրվել է իրեն: Եթե նա փորձեր լինել այն, ինչ ես եմ, կկորցներ իր ուրախությունը: Դեյվն օծված է գործերի կառավարման և ֆինանսների մեջ, և նրա դերը մեր ծառայության մեջ նույնքան կարևոր է, որքան իմը:
Եթե ուզում ես իսկապես երջանիկ լինել, նվիրվի՛ր այն ամենին, որ կանչված և օժտված ես անելու: Սուրբ Հոգին կխոսի քեզ հետ այն մասին, թե ինչ պետք է անես, և կօգնի հասկանալու այն շնորհքը, որ տրվել է քեզ: Մի՛ նախանձիր ուրիշներին, այլ վերաբերվի՛ր նրանց սիրով և հավատարի՛մ եղիր քո կյանքի կոչմանն ու շնորհքին:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. դու հրաշալի անձնավորություն ես՝ ապշեցուցիչ պարգևներով ու կարողություններով, և կարիք չկա, որ քեզ համեմատես մեկ ուրիշի հետ: