«Եվ Հիսուսն ասաց հարյուրապետին. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, թող այնպես լինի քեզ, և նրա ծառան առողջացավ այն ժամում»»: —Մատթեոս 8.13
Շատ տարիներ առաջ ես ծայրահեղ բացասական անձնավորություն էի: Դրա պատճառն այն կործանարար բռնությունն էր, որ տեղի էր ունեցել իմ անցյալում: Ես սպասում էի, որ մարդիկ կվիրավորեին ու ցավ կպատճառեին ինձ, ու այդպես էլ լինում էր: Ես սպասում էի, որ մարդիկ անազնիվ կլինեին, և այդպես էլ լինում էր: Ես վախենում էի հավատալ, որ որևէ լավ բան կկատարվի:
Ես կարծում էի, որ ինքս ինձ պաշտպանում էի ցավից ու վիրավորանքից, եթե չէի ակնկալում, որ որևէ լավ բան կպատահի: Բայց երբ ես իսկապես սկսեցի ուսումնասիրել Խոսքը և վստահել Աստծուն իմ կյանքը վերականգնելու համար, հասկացա, որ իմ ամբողջ բացասական էությունը պետք է վերանար:
Մատթեոսի 8.13-ում Հիսուսն ասում է, որ մեզ կլինի այնպես, ինչպես հավատանք: Ես հավատում էի, որ ամեն բան բացասական է, ուստի բնականում շատ բացասական բաներ էին պատահում ինձ հետ: Ես որոշեցի, որ ուզում եմ, որ դրական բաներ պատահեն ինձ, ուստի սկսեցի հավատքս ուղղել Աստծուն՝ համոզված լինելով, որ Նա դրական բաներ կանի իմ կյանքում, և ժամանակի ընթացքում ես ստացա դրական արդյունքներ:
Արդյո՞ք դու շարունակ վերապրում ես բացասական բաներ ու զարմանում՝ ինչո՞ւ: Միգուցե պետք է սկսես հավատալ ուրի՞շ բաների: Սկսի՛ր վստահել Աստծուն և հավատալ լավագույնին: Ապա տես, թե ինչպես է Նա գործում՝ համաձայն քո հավատքի:
Աղոթքի սկիզբ
Սո՛ւրբ Հոգի, ես ուզում եմ ազատվել ողջ բացասական տրամադրվածությունից և հավատալ ավելի լավ բաների: Օգնի՛ր ինձ բորբոքելու իմ հավատքը՝ սպասելով, որ Դու կարող ես մեծ բաներ անել իմ կյանքում: