Իրական խաղաղություն

Իրական խաղաղություն

«…Խնդրի՛ր խաղաղություն և նրա հետևից գնա» (ՍԱՂՄՈՍ 34.14):

Ես շատ եմ սովորեցում այն մասին, որ Աստծո հետ քայլելիս կարևոր է հետևել խաղաղությանը: Սակայն, ուզում եմ, որ հասկանաս՝ կա նաև կեղծ խաղաղություն, և մենք պետք է զգուշանանք դրանից: Օրինակ, երբ ունենում ենք ինչ-որ բան անելու ուժգին ցանկություն, դա կարող է մեր մեջ առաջացնել խաղաղության կեղծ զգացում, որն իրականում բխում է մեր հույզերից: Ժամանակի ընթացքում այս կեղծ խաղաղությունն անհետանում է, և ի հայտ է գալիս Աստծո ճշմարիտ կամքը: Այս պատճառով երբեք չպետք է շտապել կարևոր որոշումներ կայացնելիս: Մի փոքր սպասելը իմաստուն և շրջահայաց քայլ է:

Ահա մի օրինակ: Մի մարդ, որին ես ու Դեյվը շատ էինք սիրում, կարիքի մեջ էր, և մենք ցանկացանք լրացնել նրա կարիքը: Դա մեծ ուրախություն կբերեր այդ անձնավորությանը և իրականություն կդարձներ նրա վաղեմի երազանքը: Ես լցվեցի խանդավառությամբ և Դեյվի հետ համաձայնության եկա նրան օգնելու հարցում: Մենք գործի անցանք, բայց որքան հեռու էինք գնում, այնքան քիչ խաղաղություն էի զգում: Մեր առջև խնդիր ծառացավ. մենք հանձն էինք առել օգնել այդ մարդուն, և ես չէի ցանկանում դրժել իմ խոսքը: Ինձ համար դժվար չէր ասել, որ սխալվել եմ, սակայն ես չէի ցանկանում հիասթափեցնել այն անձնավորությանը, ով հուսացել էր մեզ:

Անցավ մի քանի շաբաթ: Ես շարունակում էի աղոթել այդ իրավիճակի համար: Ի վերջո, ես կորցրի խաղաղությունս այն աստիճան, որ գնացի այդ անձնավորության մոտ ու ասացի. «Ինչ-որ բան այն չէ մեր ծրագրի առումով. Ես բացարձակապես խաղաղություն չունեմ»: Ինձ համար մեծ սփոփանք եղավ այն, որ այդ անձնավորությունը նույն զգացողությունն ուներ: Ես թույլ էի տվել, որ այս ծրագրի հանդեպ իմ խանդավառությունն առաջացներ խաղաղության կեղծ զգացում, որը վերացավ ժամանակի ընթացքում:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ կայացրու կարևոր որոշումներ՝ առանց համոզվելու, որ ներսումդ ճշմարիտ խաղաղություն է տիրում:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon