
«Եվ հիմա այսպես է ասում Զորաց Տերը. «Ձեր ուշը դարձրե՛ք ձեր ճանապարհներին»» (ԱՆԳԵ 1.5):
Աստված ծրագրել է, որ դու և ես ապրենք հիասքանչ, զարմանալի, լիարժեք կյանքով, բայց եթե կամակոր (տե՛ս Ելից 33.3) կամ խստասիրտ լինենք, ապա բաց կթողնենք այն, ինչ Նա պատրաստել է մեզ համար: Երբ կամակոր ենք և հրաժարվում ենք Աստծո ձայնը լսելուց ու Նրան հնազանդվելուց, մնում ենք մեր ճանապարհներում և չենք կարողանում առաջընթաց ունենալ: Այս իրավիճակում հայտնվելիս՝ հաճախ անզոր ենք լինում կանգ առնելու և ինքներս մեզ հարցնելու, թե որն է խնդիրը:
Այսօրվա խոսքում հիշատակվում է այն ժամանակը, երբ Աստծո ժողովուրդը դժգոհ էր իր վիճակից ու բազմաթիվ խնդիրների առջև էր կանգնել: Աստված նրանց ասաց, որ ուշադրություն դարձնեն իրենց ճանապարհներին: Շատ անգամներ, երբ մարդիկ բավարարված չեն կյանքում, պատճառը փնտրում են ամենուրեք, բայց ոչ՝ իրենց մեջ: Եթե կյանքում անբավարարված ես, վարվի՛ր այնպես, ինչպես Աստված հորդորեց Հին կտակարանի մարդկանց, և ուշադրությո՛ւն դարձրու քո ճանապարհներին: Խնդրի՛ր Աստծուց խոսել «քո ճանապարհների» մասին և ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ է Նա ասում: Ես ստիպված եմ եղել բազմիցս այսպես վարվել և, որպես արդյունք, փոփոխություններ եմ կատարել իմ մտածելակերպում, շարժառիթներում, վարքագծում:
Երբ սկսեցի ուշադրություն դարձնել իմ ճանապարհներին, հայտնաբերեցի, որ կամակոր էի, խստասիրտ, ինքնավստահ, հպարտ և ունեի շատ այլ որակներ, որոնք խանգարում էին ինձ առաջընթաց ունենալու: Բայց, գոհությո՜ւն Աստծուն, Նա փոխել է ինձ: Աղոթում եմ, որ Նա շարունակի փոխել ինձ ու երբեք կանգ չառնի:
Ես ուզում եմ այն, ինչ Աստված է ուզում, որ ունենամ, և չեմ ուզում այն, ինչ Նա չի ուզում: Ես Նրանն եմ, դու՝ նույնպես: Նա կամենում է, որ ունենաս երջանիկ, օրհնված, հրաշալի, լիարժեք և բավարարված կյանք: Եթե չես ապրում այդպիսի կյանքով, ապա ժամանակ հատկացրու և ուշադրություն դարձրու քո ճանապարհներին. խնդրի՛ր Աստծուց, որ ցույց տա, թե ինչ պիտի փոխվի, ապա արա՛ այն, ինչ Նա ասում է:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. մի՛ վախեցիր դեմառդեմ կանգնել քո մասին ճշմարտությանը, որովհետև դա ազատ է արձակում քեզ: