Խաղաղություն

Խաղաղություն

«Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում» (ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐԻ 4.7):

Ես արդեն մի քանի մտորումներ եմ գրի առել այն մասին, որ Աստված Իր ժողովրդին առաջնորդում է խաղաղության միջոցով, սակայն ուզում եմ ևս մեկ անգամ հիշատակել այդ մասին, որովհետև դա շատ կարևոր է: Մարդիկ, որոնք անում են ինչ-որ բաներ՝ առանց խաղաղություն զգալու, ապրում են դժբախտ կյանքով և որևէ բանում հաջողության չեն հասնում: Մենք պետք է հետևենք խաղաղության:

Այսօրվա խոսքը հավաստիացնում է, որ Աստված առաջնորդում է մեզ խաղաղության միջոցով: Եթե դու որևէ բան ես անում, օրինակ՝ հեռուստացույց ես դիտում, և հանկարծ կորցնում ես խաղաղությունդ, նշանակում է՝ դու լսել ես Աստծուց: Այս իրավիճակում խաղաղության բացակայությունը նշան է այն բանի, որ Աստված ասում է. «Անջատի՛ր հեռուստացույցը. այն, ինչ դիտում ես, լավ չէ քեզ համար»:

Եթե ինչ-որ բան ասելիս կորցնում ես խաղաղությունդ, ուրեմն Աստված խոսում է քեզ հետ: Հենց այդ պահին ներողություն խնդրելը կազատի քեզ շատ խնդիրներից: Դու կարող ես ասել. «Ներողությո՛ւն այդ խոսքերի համար: Ես սխալ էի, չպիտի ասեի դա, խնդրո՛ւմ եմ, ների՛ր ինձ»: Աստված ուզում է ներգրավված լինել մեր բոլոր որոշումներում: Խաղաղությունը այն միջոցն է, որով Նա հայտնում է մեզ Իր կարծիքը այս կամ այն արարքի վերաբերյալ: Հավանության դեպքում Նա տալիս է խաղաղություն, իսկ անհավանության դեպքում՝ ետ վերցնում:

Եթե մենք չունենք խաղաղություն, ուրեմն չենք հնազանդվում Աստծուն, որովհետև պետք է թույլ տանք, որ Աստծո խաղաղությունը՝ իբրև դատավոր, իշխի մեր սրտում (տե՛ս Կողոսացիների 3.15): Ամեն անգամ, երբ կորցնում ենք խաղաղությունը, պետք է կանգ առնենք և զգայուն լինենք այն ամենին, ինչ Աստված ասում է մեզ: Խաղաղությունը ծառայում է որպես կողմնացույց մեր սրտում՝ մատնացույց անելով ճիշտ ուղղությունը: Այս է պատճառը, որ Աստվածաշնչում Աստված ասում է. «Հետևե՛ք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրա ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիների 12.14):

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խաղաղությանը հետևելը հեռու կպահի քեզ անախորժություններից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon