«Ամեն մեկդ, ինչպես որ շնորհք է ընդունել, այն իրար մատակարարեք՝ ինչպես Աստծո կերպ-կերպ շնորհաց լավ տնտեսներ»: Ա ՊԵՏՐՈՍ 4.10
Որքան մոտենում ենք Աստծուն, այնքան շատ հնարավորություններ է Նա տալիս ծառայելու ուրիշներին: Ես ասում եմ «հնարավորություններ», որովհետև այդպես պետք է վերաբերվենք ուրիշներին ծառայելուն: Ամեն անգամ, երբ ծառայում ենք ուրիշներին, ոչ միայն օրհնվում ենք, այլև մեր կյանքը լցվում է մեծ ուրախությամբ: Հիսուսը տվեց մեզ ծառայի օրինակ՝ լվալով աշակերտների ոտքերը, այնուհետև ասելով. «Ինչպես Ես ձեզ արի, դո՛ւք էլ արեք» (Հովհաննես 13.15):
Ոմանց չի հաջողվում ապրել որպես ծառաներ, որովհետև նրանք չգիտեն, թե ով են Քրիստոսում: Նրանց թվում է, թե պետք է «կարևոր» բան անեն սեփական արժանապատվության զգացում ձեռք բերելու համար: Նրանք չեն կարողանում հասկանալ, որ իրենց ինքնությունը Քրիստոսի մեջ է, այլ ոչ թե այն բանում, թե ինչպիսի պաշտոնուղի ունեն կամ ինչ հեղինակավոր հարթակում են գտնվում: Երբ դուք ապահով եք Քրիստոսում, և երբ ձեր ուժն ու վստահությունը գտնում եք Աստծո մեջ, մեծ ուրախություն եք վերապրում, երբ օգնում եք ուրիշներին ամեն հնարավոր առիթով:
«Ծառայի քննությունը» պարզապես այն է, թե ինչպես ենք արձագանքում այն հնարավորություններին, որ Աստված տալիս է մեզ, որպեսզի օրհնություն լինենք ուրիշների համար: Այն հայտնում է, թե արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք նմանվել Հիսուսին: Աստված օրհնել է մեզ և դարձրել օրհնություն: Աստծո օրհնությունները երբեք նախատեսված չեն մենակ վայելելու համար, դրանք պետք է կիսենք մեզ շրջապատողների հետ: