
«Եվ Ես նրանցից մարդ որոնեցի՝ պարիսպը շինող և խրամատության առջև կանգնող, Իմ դիմացը՝ երկրի համար, որ նրան չապականեմ, բայց չգտա» (ԵԶԵԿԻԵԼ 22.30):
Այս խոսքում խրամատությունը երկու բաների միջև գոյություն ունեցող տարածքն է, ճեղքը, անջրպետը, որը թույլ չի տալիս, որ միանան երկու առարկա, երկու արարած կամ երկու մարդ: Երբ քարոզում եմ օտար երկրներում, իմ և լսարանի միջև առաջանում է անջրպետ: Եթե բեմում եմ, այդ անջրպետը ֆիզիկական է, կարող է լինել նաև մշակութային անջրպետ, բայց ամենից շատ ինձ մտահոգում է լեզվական անջրպետը: Եթե ուզում եմ, որ մարդիկ հասկանան ինձ, ապա պետք է ունենամ թարգմանիչ՝ մեկին, ով կհեռացնի լեզվական անջրպետը, որպեսզի կարողանամ արդյունավետ կերպով փոխանցել ուղերձը: Թարգմանիչը պետք է գործի իմ անունից՝ վերացնելով այդ անջրպետը և օգնելով մարդկանց հասկանալու այն, ինչ ասում եմ:
Եզեկիել 22.29-31-ում խոսվում է «խրամատության առջև կանգնելու» մասին: Այսօրվա խոսքը Աստվածաշնչի ամենատխուր հատվածներից է: Աստված, ըստ էության, ասում է. «Ինձ անհրաժեշտ էր մեկը, ով կաղոթեր, ու Ես չկարողացա գտնել այդ մեկին, ուստի ստիպված եղա կործանել երկիրը»: Նրան անհրաժեշտ էր ընդամենը մեկ մարդ, որը կաղոթեր, և ամբողջ երկիրը կփրկվեր: Տեսնո՞ւմ ես, թե որքան կարևոր է բարեխոսությունը: Ընդամենը մեկ մարդ աղոթքի միջոցով կարող էր հսկայական փոփոխություն բերել ամբողջ երկրում և փրկել այդ տարածքը: Մենք պետք է աղոթելու պատրաստակամություն ունենանք. զգայուն լինենք Սուրբ Հոգու առաջնորդությանը և հնազանդվենք, երբ Նա մղում է մեզ բարեխոսելու: Մենք երբեք չգիտենք, որ մեր աղոթքը կարող է լինել հենց այն աղոթքը, որը կվերացնի անջրպետը և Աստծո զորությունը կբերի հուսահատ իրավիճակի մեջ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ասա՛ Աստծուն, որ պատրաստ ես աղոթել ուրիշների համար, և արա՛ դա, երբ Նա առաջնորդի քեզ: