
«Մեկ բան եմ խնդրել Տիրոջից, որը կփնտրեմ, կփափագեմ և [համառորեն] կհարցաքննեմ. որ Տիրոջ տանը [Նրա ներկայության մեջ] բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցկությունը [քաղցր գրավչությունը և սքանչելիությունը] տեսնեմ և ակնապիշ նայեմ ու խորհրդածեմ, զննեմ և հարցաքննեմ Նրա տաճարում» (ՍԱՂՄՈՍ 27.4):
Եթե փափագում ենք լսել Աստծուց, այդ դեպքում Նրան փնտրելը պետք է լինի առաջնահերթություն: Այսօրվա խոսքում Դավիթն անդրադառնում է մարդու կյանքի ամենակարևոր պահանջմունքին: Նրա համար Աստծո ներկայությունը կենսական անհրաժեշտություն էր:
Դավթի կյանքում բազում հնարավորություններ են եղել հաջողության հասնելու և վստահություն ձեռք բերելու համար: Աստծո ներկայությամբ զորացած՝ Նա սպանեց սարսափազդու հսկային ընդամենը մի պարսատիկով և հինգ գայլախազ քարով: Աստված ընտրեց, որ այս հասարակ պատանի հովիվը դառնար Իսրայելի թագավոր՝ չնայած այն բանին, որ նա իր եղբայրներից ամենակրտսերն էր: Համբավն ու հարստությունը, որ Դավիթը հետագայում ունեցավ, շատերի կարծիքով այն ամենն էին, ինչ նրան բավականություն կպատճառեին:
Թեև Դավիթը բազում կերպերով վերապրել էր Աստծո ներկայությունը, նա շարունակում էր փնտրել Աստծուն՝ ձգտելով ավելի լավ ճանաչել Նրան: Դավթի օրինակը ցույց է տալիս, որ մենք մշտապես պետք է փնտրենք Աստծուն՝ անկախ մեր հաղթանակներից: Նույնիսկ նա կարիք ուներ առավել խորը ճանաչելու Աստծուն:
Շատերը ցանկանում են, որ Աստված առաջնորդի իրենց, սակայն չեն ուզում որևէ բան մի կողմ դնել՝ Նրա ձայնը լսելու համար: Բայց Դավիթն իր ցանկությունները կենտրոնացրեց մեկ բանի վրա. օրեցօր է՛լ ավելի ճանաչել Աստծուն: Ես հավատում եմ, որ մեր հոգու ծարավը միմիայն հագենում է Աստծուն օր-օրի առավել խորը ճանաչելով:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. ձգտի՛ր առավել խորը ճանաչել Աստծուն այսօր և ամեն օր: