
«Ուրեմն համարձակությամբ մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»: —Եբրայեցիների 4.16
Աստված ցանկանում է, որ մենք ձեռք բերենք սովորություն վազելու Նրա մոտ՝ շնորհքի (գերբնական ներքին զորության) համար: Նա կամենում է, որ ապավինենք միմիայն Իրեն:
Սակայն թշնամին փորձում է խաբել մեզ՝ ասելով, որ մենք բավականաչափ լավը չենք Աստծո ներկայության մեջ լինելու համար: Սատանան փորձում է համոզել մեզ, որ մենք չափից շատ սխալներ ենք արել, որի պատճառով Աստված չի ցանկանա մեզ հետ որևէ գործ ունենալ:
Սակայն Աստծո Խոսքն այդպես չի ասում: Նրա Խոսքն ասում է, որ, իբրև Աստծո փրկագնված ու ներված զավակներ, մենք կարող ենք համարձակությամբ մոտենալ Նրա գահին: Դու կարիք ունես այսօր ընդունելու այս ճշմարտությունը և ընտրություն կատարելու ապրել դրանով:
Փոխանակ ասելու. «Ես չեմ զգում, թե Աստված սիրում է ինձ», կամ «Ես չեմ զգում, թե ներված եմ», կամ «Ես չեմ զգում, որ ես ապագա ունեմ»՝ ասա՛. «Աստված սիրում է ինձ, ու ոչինչ չի կարող բաժանել ինձ Նրա սիրուց: Նա ներել է ինձ ու ես կարող եմ մոտենալ Նրան հենց հիմա այն վստահությամբ, որ Նա ընդունում է ինձ»:
Ամեն անգամ, երբ քեզ անարժան ես զգում, հիշի՛ր, թե ինչ է ասում Աստծո Խոսքը, ապա համարձակությամբ մոտեցի՛ր քո երկնային Հորը: Նա անհամբեր սպասում է, որ ընդունի քեզ:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես համարձակությամբ գալիս եմ Քեզ մոտ, որովհետև Քո Խոսքն ասում է, որ ես ներված եմ ու կարող եմ միշտ գալ Քեզ մոտ: Շնորհակալություն, որ ներում ես իմ անհաջողությունները և տալիս Քո շնորհքը, որն օգնում է ինձ ամեն կարիքի ժամանակ: