«…Հիսուսին, որ իր առաջին դրված ուրախության փոխարեն խաչը հանձն առավ (անգլերենում՝ համբերությամբ տարավ) և ամոթն արհամարհելով՝ Աստծո աթոռի աջ կողմը նստեց»: —Եբրայեցիների 12.2
Սովորաբար ամեն բան ունի երկու կողմ: Խաչը նույնպես երկու կողմ ունի՝ խաչելություն և հարություն: Հիսուսը պետք է համբերությամբ տաներ մեկը, որպեսզի հասներ մյուսին: Բայց եթե Նա չդիմանար, ապա մենք բոլորս մինչև հիմա կմնայինք առանց Փրկչի և առանց մեղքերի թողության:
Եբրայեցիների 12.2-ն ասում է, որ Հիսուսը դիմացավ ցավին՝ հանուն խաչի մյուս կողմում գտնվող մրցանակի՝ հարության ուրախության: Ինչպես Հիսուսը՝ մենք պետք է համբերությամբ տանենք դժվար բաները: Համբերությամբ տանելու իմ սահմանումը հետևյալն է՝ «ավելի երկար դիմանալ սատանային, հաստատուն լինել բավականաչափ երկար՝ թույլ տալով փորձությանը անել այն, ինչ պետք է անի մեր կյանքում, և խաչի մի կողմից անցնել մյուսը»:
Անկախ այն բանից՝ մենք բախվում ենք անսպասելի հանգամանքի, չարչարվում ինչ-որ սխալի պատճառով կամ դիմադրում փորձությանը և մեղքին՝ անելով այն, ինչ ճիշտ է, մենք պետք է անցնենք որոշ բաների միջով: Բայց դժվար ժամանակների մյուս կողմում քեզ է սպասում մրցանակը ձեռք բերելու ուրախությունը:
Այսօր քաջալերվի՛ր նրանով, թե ինչպես Հիսուսը վարվեց փորձության ժամանակ: Նա գիտեր, թե ինչ ուրախություն էր Իր առջև դրված, և դիմացավ մինչև վերջ: Նա տվել է քեզ զորություն՝ անելու նույնը:
Աղոթքի սկիզբ Աստվա՛ծ, ես ուզում եմ համբերությամբ տանել, ինչպես Հիսուսը: Օգնի՛ր ինձ ձեռք բերելու այն ուրախության տեսիլքը, որը սպասում է ինձ, որպեսզի կարողանամ Քո շնորհքով համբերությամբ տանել այն փորձությունները, որոնք հանդիպում են իմ ճանապարհին: