«Որ այս երևացող բաներին չենք մտիկ անում, այլ՝ աներևույթներին. որովհետև երևացողները ժամանակավոր են, իսկ չերևացողները՝ հավիտենական» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 4.18):
Թեև Պողոսն անցավ սոսկալի փորձություններով և նեղություններով, նա չհուսահատվեց, որովհետև չէր նայում երևացող բաներին, այլ նայում էր չերևացող բաներին: Մենք պետք է հետևենք նրա օրինակին: Փոխանակ նայելու մեզ շրջապատող բաներին՝ պետք է նայենք, թե ինչ է Սուրբ Հոգին անում: Նա կառաջնորդի մեզ՝ կենտրոնանալու Աստծո պատասխանների, այլ ոչ թե մեր խնդիրների վրա:
Երկու մարդ կարող են կարդալ Խոսքը, և նա, ով չի լսում հոգևոր ականջներով, կընկալի այլ կերպ, քան հոգևոր ականջներով լսողը: Օրինակ, Հովհաննեսի 3-րդ թղթի 2-րդ խոսքում ասվում է. «Սիրելի՛, աղոթք եմ անում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին հաջող է»:
Ոչ այդքան հասուն, մարմնավոր քրիստոնյաները (որոնք դեռ հրապուրվում են ֆիզիկական հաճույքներով և ցանկություններով) կարող են խանդավառվել հաջողության և բժշկության խոստումով, որովհետև դա այն է, ինչ նրանք լսում են այս խոսքում: Նրանք մտածում են. «Օ՜, փա՜ռք Աստծուն: Նա կամենում է, որ մենք հաջողություն ունենանք և առողջ լինենք»:
Բայց հասուն հավատացյալները, որոնք զգայուն են իրենց կյանքի համար Աստծո սուրբ մտադրության հանդեպ, նաև կլսեն այս խոսքի մյուս մասը, որն ասում է. «…ինչպես քո հոգին հաջող է»: Նրանք լսում են՝ հասկանալով, որ Աստված նրանց հաջողություն և բժշկություն է տալու այն հարաբերակցությամբ, ինչպես հաջող է նրանց հոգին:
Աղոթի՛ր, որ ունենաս ականջներ՝ իսկապես լսելու այն, ինչ Աստված ասում է, և աստիճանաբար հասունանաս, մինչ քայլում ես Աստծո հետ:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. խնդրի՛ր, որ Աստված բացի քո հոգևոր ականջները, որպեսզի լսես և ընկալես Սուրբ գրքում գրված խոսքերի լիարժեք նշանակությունը: