«Ամեն բան փորձե՛ք և ստուգե՛ք [մինչև կարողանաք ճանաչել], թե որն է բարին, ամուր բռնե՛ք [այն]» (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻ 5.21):
Աստծուց հստակ լսելու և հնարավոր խաբեությունից խուսափելու կարողությունը ձևավորվում է միայն Աստծո հետ կանոնավոր ժամանակ անցկացնելու, Նրա խոսքը սերտելու միջոցով: Սխալ է, երբ փորձում ենք լսել Աստծո ձայնը՝ առանց Նրա Խոսքի իմացության: Աստծո գրված Խոսքն իմանալը պաշտպանում է մեզ խաբեությունից:
Անպատասխանատու և նույնիսկ վտանգավոր է, երբ փորձում ես լսել Աստծուց՝ առանց Նրա Խոսքն իմանալու: Մարդիկ, որոնք ցանկանում են առաջնորդվել Հոգով, բայց ծուլանում են ժամանակ անցկացնել Խոսքի և աղոթքի մեջ, հեշտությամբ կարող են խաբվել, որովհետև չար ոգիներն անհամբեր սպասում են, թե ում ականջներին շշնջան: Սատանան փորձում էր ինչ-որ բաներ ասել Հիսուսին, իսկ Հիսուսը միշտ պատասխանում էր. «Գրվա՛ծ է», ապա Սուրբ գրքից մեջբերում էր անում՝ հերքելով թշնամու ստերը (տե՛ս Ղուկասի 4-րդ գլուխը):
Ոմանք փնտրում են Աստծուն միայն այն ժամանակ, երբ անախորժության մեջ են և օգնության կարիք ունեն: Բայց եթե նրանք սովոր չեն լսելու Աստծուց, կդժվարանան ճանաչել Նրա ձայնը, երբ իսկապես Նրա կարիքն ունենան:
Ցանկացած գաղափար, մղում կամ միտք, որ ստանում ենք, պետք է համեմատենք Աստծո Խոսքի հետ: Եթե մենք չիմանանք Խոսքը, չենք ունենա չափանիշ, որով կարող ենք գնահատել այն տեսություններն ու փաստարկները, որ ծագում են մեր մտքում: Թշնամին կարող է ներկայացնել վառ գաղափարներ, որոնք տրամաբանական են թվում մեզ համար: Այն փաստը, որ այդ մտքերը տրամաբանական են, դեռևս չի նշանակում, որ դրանք Աստծուց են: Գուցե մեզ դուր է գալիս այն, ինչ լսում ենք, բայց դա չի նշանակում, որ մեր լսածն Աստծուց է: Մենք կարող ենք լսել ինչ-որ բան, որը հաճելի է մեր զգացմունքներին, սակայն եթե դա մեզ խաղաղություն չի տալիս, ուրեմն Աստծուց չէ: Աստված հորդորում է մշտապես հետևել խաղաղության և այն դարձնել մեր կյանքի դատավորը (տե՛ս Կողոսացիների 3.15):
Աստծո խոսքը քեզ համար այսօր. Աստծո Խոսքով ստուգի՛ր այն, ինչ լսում ես, որովհետև դա է ճշմարտության միակ չափանիշը: