Հավատք և բարեհաճություն

Հավատք և բարեհաճություն

«Տիրոջից է մարդու քայլերի հաջողությունը, ուրեմն մարդն ի՞նչ է հասկանում իր ճանապարհից» (ԱՌԱԿԱՑ 20.24):

Երբ Դեյվն ու ես զգացինք, որ Աստված կանչում է մեզ հեռուստատեսային ծառայություն սկսելու, այդ ուղղությամբ հավատքով քայլեր արեցինք: Առանց գումարի հնարավոր չէր իրականացնել դա, ուստի առաջին բանը, որ արեցինք, հասցեների ցուցակում ընգրկված ընկերներին և գործընկերներին նամակներ գրելն էր՝ խնդրելով ֆինանսապես աջակցել՝ հեռուստատեսային ծառայություն սկսելու համար: Աստված խոսել էր մեզ հետ որոշակի գումարի վերաբերյալ, որն անհրաժեշտ կլիներ մեկնարկի համար, և հենց այդքան գումար էլ ստացանք:

Այնուհետև ևս մեկ քայլ արեցինք: Մենք ռեժիսորի կարիք ունեինք, և Աստված լրացրեց այդ կարիքը: Երեք ամիս առաջ, նախքան Աստված կխոսեր մեզ հետ հեռուստատեսությամբ հեռարձակվելու մասին, աշխատանքի նպատակով մեզ դիմեց մի մարդ՝ հեռուստառեժիսորի մասնագիտությամբ: Քանի որ այդ ժամանակ չունեինք հեռուստատեսային ծառայություն, ասացինք, որ նրա ծառայությունների կարիքը չունենք: Երբ ժամանակը եկավ, հիշեցինք այդ մարդուն և հասկացանք, որ Աստված բավարարել էր մեր կարիքը, նախքան երբևէ կիմանայինք, որ այդպիսի մասնագետի կարիք ունենք:

Հաջորդ քայլը՝ շաբաթական մեկ անգամ մի քանի հեռուստակայանում եթերային ժամանակ գնելն էր: Քանի որ մեր հաղորդումների շնորհիվ կարողանում էինք հոգալ ֆինանսական ծախսերը, և մենք բարի պտուղ էինք տեսնում, ավելի շատ եթերային ժամանակ գնեցինք: Ի վերջո, սկսեցինք ամեն օր եթեր դուրս գալ և այժմ ունենք ամենօրյա հաղորդում, որը հեռարձակվում է ամբողջ աշխարհով և օգնում միլիոնավոր մարդկանց:

Աստված Դեյվին և ինձ առաջնորդում էր քայլ առ քայլ. այդպես էլ կառաջնորդի քեզ: Ամեն անգամ, երբ հավատքի քայլ էինք անում, Աստված բարեհաճություն էր տալիս։ Քաջալերո՛ւմ եմ, որ դու էլ բարեհաճության սպասես: Աստված արդեն գիտի քո կարիքները և ունի պատասխանները, ուստի երբ վախը թակում է քո դուռը, պատասխանի՛ր հավատքով, և դու հրաշալի բաների ականատեսը կլինես:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. վստա՛հ եղիր, որ Աստված առաջնորդում է քեզ և տալիս բարեհաճություն:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon