«Ինչպես Իմ Հայրն Ինձ սիրեց, Ես էլ ձեզ սիրեցի. մնացե՛ք Իմ սիրո մեջ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 15.9):
Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Դեյվը որոշեց, որ մեր տան կողքին գտնվող գեղեցիկ ծեր ծառը պետք է էտել: Ճյուղերից մի քանիսը թեքվել էին մի կողմ, և ծառն անհավասար աճում էր: Ես առանձնապես ուշադրություն չդարձրի Դեյվի այն խոսքերին, որ կանչելու է մասնագետների, որպեսզի էտեն և նոսրացնեն ծառը: Բայց ես սարսափեցի, երբ եկա տուն ու հայտնաբերեցի, որ այդ երջանիկ սղոցարարները վնասագործությամբ էին զբաղվել:
Դեյվն ասաց. «Պարզապես սպասի՛ր մինչև հաջորդ տարի: Այն կրկին գեղեցիկ տեսք կունենա»:
Բայց ես չեմ սիրում սպասել:
Եվ ինձ դուր չէր գալիս նայել ատամի փայտիկի չափ ճյուղերին, որոնք մի ժամանակ փարթամ ու շքեղ էին: Բայց Դեյվը ճիշտ էր: Հաջորդ տարի ծառն ավելի գեղեցիկ տեսք ստացավ: Այն բավականաչափ ամուր էր՝ դիմակայելու ուժգին քամիներին, և ավելի պտղաբեր, քան երբևէ: Սա հրաշալի օրինակ է այն էտման, որ Սուրբ Հոգին իրականացնում է մեր կյանքում՝ մեզ ավելի գեղեցիկ, ուժեղ ու հավատարիմ դարձնելով:
Գաղատացիների 5-րդ գլխում թվարկվում են մարմնի գործերը և Հոգու պտուղները: Մեր մարմինը պետք է կանոնավոր կերպով էտվի, որպեսզի ավելի ու ավելի շատ տեղ բացվի բարի պտուղների համար: Ինչպես իմ ծառը, երբեմն մենք էլ մի կողմ ենք թեքվում կամ դուրս ենք գալիս հավասարակշռությունից, և Աստված պետք է աշխատի մեզ հետ, որպեսզի կրկին ուղղի մեզ: Մենք պիտի շնորհակալ լինենք Աստծուն, որ հոգ է տանում մեզ համար, հսկում է մեզ և օգնում՝ ավելի լավը դառնալու: Խնդրի՛ր, որ Աստված քո կյանքում կանոնավոր կերպով հեռացնի ավելորդ ճյուղերը, որպեսզի ավելի առատ և գերազանց պտուղ բերես:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. կարգապահությունը հաճելի զգացումներ չի առաջացնում, բայց ավելի ուշ վայելում ենք դրա պտուղը: