Հոգով և ճշմարտությամբ

Հոգով և ճշմարտությամբ

«Աստված Հոգի է, և Նրան երկրպագողները պետք է հոգով և ճշմարտությունով երկրպագեն» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 4.24):

Մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ մեր հոգու միջոցով: Այսօրվա խոսքում Հիսուսն ասում է, որ պետք է երկրպագենք Աստծուն հոգով և ճշմարտությամբ: Աստծո հետ բացարձակապես ազնիվ լինելը այն միջոցն է, որով կարող ենք մտերմություն հաստատել Նրա հետ: Նա գիտի մեր մասին ամեն ինչ, այնպես որ՝ պատճառ չկա Նրա հետ լիովին ազնիվ չլինելու համար: Ասա՛ Նրան, թե ինչպես ես զգում, ինչն ես սխալ արել, և որոնք են քո ցանկությունները: Ազնի՛վ եղիր Աստծո հետ, ինչպես կլինեիր լավ և վստահելի ընկերոջ հետ:

Լինում են ժամանակներ, երբ Աստված ուզում է, որ ինչ-որ բան անեմ, իսկ ես ազնվորեն ասում եմ, որ չեմ ուզում դա անել, բայց անում եմ՝ հնազանդվելով, քանի որ սիրում եմ Իրեն: Կեղծավորությունը և Աստծո հետ մտերիմ փոխհարաբերությունը անհամատեղելի են: Մի անգամ իմ ընկերուհիներից մեկն ինձ ասաց, որ թեև գիտեր, որ պետք է ֆինանսապես աջակցեր Աստծո արքայության գործում, բայց չէր ուզում դա անել: Նա Աստծուն ազնվորեն ասաց. «Ես կանեմ դա, բայց իրականում չեմ ուզում, ուստի խնդրո՛ւմ եմ, որ տաս ինձ նվիրատվություն անելու ցանկություն»: Ժամանակի ընթացքում նա դարձավ շատ առատաձեռն և ուրախությամբ նվիրատվություններ էր անում:

Միայն ճշմարտությունը մեզ ազատ կարձակի (տե՛ս Հովհաննես 8.32): Աստծո Խոսքը ճշմարտություն է: Նա ասում է այն, ինչ նկատի ունի, և նկատի ունի այն, ինչ ասում է: Երբ որևէ սխալ ենք անում, պետք է լիովին ազնիվ լինենք Աստծո հետ: Մեղքը կոչի՛ր իր անունով: Եթե ագահ էիր, անվանի՛ր դա ագահություն: Եթե նախանձ էիր, անվանի՛ր դա նախանձ: Եթե սուտ էիր խոսում, անվանի՛ր դա սուտ: Խնդրի՛ր, որ Աստված ների քեզ, և հավատքով ընդունի՛ր դա:

Երբ երկրպագում ենք Աստծուն, պետք է անենք դա հոգուց և ամբողջ ճշմարտությամբ, անկեղծությամբ ու ազնվությամբ: Երբ նկատում ենք, որ մեր ընկերը ճշմարտացիորեն չի վարվում, հաճախ ասում ենք, որ նա դադարի ձևանալուց և անկեղծ լինի: Կարծում եմ՝ Աստված նույնը ցանկանում է մեզնից:


ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. անկե՛ղծ եղիր:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon