«Որովհետև մեծ գնով գնվեցիք, ուստի փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են»: —Ա Կորնթացիների 6.20
Մեզանից ոմանք չեն սովորել սիրել իրենց մարմիններն այնքան, որ պատշաճ կերպով հոգ տանեն նրանց համար: Այդ փոխելու համար մենք պետք է դիմագրավենք առողջ ապրելակերպի երեք խոշորագույն արգելքներին:
Մենք չգիտենք ինչպես հոգ տանել մեր մարմինների համար: Վատ սննդակարգը, ապատեղեկատվությունը և արագ սնունդը շփոթեցրել են մարդկանց այն հարցում, թե որն է առողջ սննդակարգը, և ինչպես պետք է պատշաճ չափաքանակով ճիշտ սնունդ ընդունել:
Մարմնի տեսքի վերաբերյալ մեր տեսանկյունը խեղաթյուրվել է լրատվամիջոցների և գովազդի միջոցով: Մենք ռմբակոծվել ենք գեղեցկության անհասանելի իդեալներով, մինչդեռ գիրությունն այնքան է տարածված, որ այն գրեթե նորմալ է համարվում: Մենք կարիք ունենք վերագտնելու, թե ինչպիսի տեսք ունի առողջ մարդը:
Մարզանքը դարձել է գրեթե հնացած բան: Մենք հնարել ենք այնքան հարմարություններ, որ հաճախ վարժություններից միանգամայն զուրկ կյանքով ենք ապրում: Մենք նույնիսկ չենք քայլում որևէ տեղ, եթե հարկ չկա դա անելու: Բայց ճշմարտությունն այն է, որ մեր բարեկեցության մի մեծ բաժին կախված է մեր մարմինները մարզելուց:
Եթե դու պայքարում ես այս արգելքների հետ, այսօր որոշում կայացրու, որ չես պարտվելու: Աստված ասում է մեզ, որ լավ վերաբերվենք մեր մարմիններին, ու Նա միշտ կօգնի մեզ անելու այն բաները, որ Նա պատվիրում է մեզ: Ուստի որոշում կայացրո՛ւ ապավինելու Աստծո զորությանը և ապրելու ավելի առողջ կյանքով:
Աղոթքի սկիզբ
Աստվա՛ծ, ես ուզում եմ պատվել Քեզ՝ հոգ տանելով իմ մարմնի մասին և ապրելով առողջ կյանքով: Ես հավատում եմ, որ ես կարող եմ փոփոխություններ բերել Քո զորությամբ, որ ներգործում է իմ մեջ: