«Նա էլ պատասխան տվեց և ասաց. «Գրված է՝ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»»: ՄԱՏԹԵՈՍ 4.4
Չեմ կարծում, որ կա ավելի լավ բան, քան բավարարված լինելը: Երբ առավոտյան արթնանում եք ու մտածում. «Կյանքը հիասքա՜նչ է, փա՛ռք Աստծուն, որ ես բավարարված եմ», այնուհետև գիշերը բավարարված պառկում եք քնելու, այս ամենը խոսում է լիառատ կյանքով ապրելու մասին: Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ կա ավելի վատ բան, քան մշտապես անբավարար վիճակում ապրելը:
Ահա թե ինչպես կարելի է ստուգել հոգևոր իրականությունը. անկախ նրանից, թե ինչ ունեք, ուր եք գնում կամ ինչ եք անում, ոչինչ չի կարող տալ ձեզ իսկական բավականություն՝ Աստծո մտերիմ, անձնական ներկայությունից բացի: Փողը, ճամփորդությունը, արձակուրդը, հագուստը, նոր հնարավորությունները, նոր կահույքը և նոր տները, ամուսնանալը և երեխաներ ունենալը՝ բոլորն էլ այնպիսի բաներ են, որոնք կարող են մեզ երջանկություն պարգևել: Բայց մենք երբեք մշտապես, հետևողականորեն բավարարված չենք լինի, եթե ձգտենք տիրանալ նյութական բաների կամ դիմենք ինչ-որ գործողությունների՝ մեր ներսի դատարկությունը լցնելու համար:
Կան շատ դժբախտ հավատացյալներ, որոնք ապրում են անբավարար կյանքով, որովհետև սխալ բան են փնտրում: Բաց մի՛ թողեք Աստծո հետ սերտ, մտերիմ փոխհարաբերությունը՝ Պարգևատուի փոխարեն պարգև փնտրելով: