
«Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար» (ՍԱՂՄՈՍ 119.105):
Չկա ոչինչ ավելի գերբնական, քան Աստծո Խոսքը, որը տրված է մեզ Սուրբ Հոգու աստվածային ներշնչմամբ Աստծո մարգարեների և աշակերտների միջոցով: Աստվածաշունչն ունի պատասխան յուրաքանչյուր հարցի համար, որ կարող ենք ունենալ: Աստծո Խոսքը լի է կյանքի սկզբունքներով, մարդկային վարքագծի հանդեպ Աստծո ողորմության մասին իրական պատմություններով և արժեքավոր առակներով, որոնք կարևոր ճշմարտություններ են պարունակում երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդու համար:
Աստվածաշունչն անձնական նամակ է՝ ուղղված ինձ և քեզ: Այն պատմում է այն ամենի մասին, ինչ կարիք ունենք իմանալու: Երբեմն Աստված կարող է ինչ-որ բան ասել մեզ, որը հնարավոր չէ գտնել Սուրբ գրքի գլուխներից կամ խոսքերից որևէ մեկում, սակայն եթե իսկապես Նա է խոսում, ապա այն, ինչ լսում ենք, միշտ համաձայն է լինելու Նրա Խոսքին: Աստված կխոսի մեզ հետ և կառաջնորդի յուրաքանչյուր իրավիճակում, երբ փնտրենք Նրան Իր Խոսքի միջոցով: Երբ ես կարիք եմ ունենում լսելու Նրանից որոշակի հարցի վերաբերյալ, Նա հաճախակի հիշեցնում է սուրբգրային որևէ խոսք, որը հստակ տալիս է այն պատասխանը, որ ես փնտրում եմ:
Աստծո ձայնը մշտապես լսելը (Սուրբ Հոգով առաջնորդվելը) ինձ համար դարձել է կենսակերպ այն ժամանակվանից, երբ ստացա Սուրբ Հոգու լեցունությունը: Աստված Իր Հոգու պարգևը տալիս է նրան, ով խնդրում է (տե՛ս Ղուկաս 11.13), և Սուրբ Հոգին օգնում է մեզ հասկանալու Աստծո Խոսքը, որպեսզի կարողանանք կյանքում կիրառել այն իմաստությունը, որ ամփոփված է այդ Խոսքում:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. կարդա՛ Աստծո Խոսքը՝ իբրև քեզ ուղղված անձնական նամակ: