«Բայց մեզ համար մեկ Աստված կա՝ Հայրը, որիցն են ամեն բաները, և մենք Նրա համար. և մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոս, որով են ամեն բաները և մենք Նրանով»: —Ա Թեսաղոնիկեցիների 8.6
Մենք կարիք ունենք Աստծո հետ մեզ անկաշկանդ զգալու: Ես նկատի չունեմ, որ մենք պետք է անհարգալից լինենք, այլ այն, որ չպետք է վախենանք Նրանից: Իրականում, ես հավատում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի գերագույն կոչումը Աստծուն վայելելն է: Մենք կանչված ենք վայելելու Հորը, որովհետև Նա է կյանքը, ու մենք չենք կարող իսկապես վայելել կյանքը, եթե չենք վայելում Աստծուն:
Երբեմն մենք չենք վայելում Աստծո ներկայությունը, որովհետև ամբողջովին տարվում ենք Նրան ծառայելով՝ դրսևորելով մեր պարգևները և ամբողջ ժամանակը ծառայության մեջ անցկացնելով: Այսպես պատահեց ինձ հետ: Արդեն հինգ տարի էր, ինչ ես սկսել էի իմ ծառայությունը, երբ Աստված ստիպված եղավ կանգնեցնել ինձ, որովհետև ես այնքան էի հպարտացել այն աշխատանքով, որ անում էի Նրա համար, որ այլևս չէի վայելում Նրան:
Մենք պետք է զգույշ լինենք, երբ սկսում ենք հպարտանալ այն ամենով, ինչ անում ենք: Աստծո համար դա այդքան էլ կարևոր չէ: Որպես մեր Հայր՝ Նա պարզապես ցանկանում է, որ մենք ճանաչենք և վայելենք Իրեն:
Ուստի թո՛ւյլ տուր հարցնել քեզ. «Դու հպարտանո՞ւմ ես քո գործերով այսօր, թե՞ իսկապես վայելում ես Աստծուն»:
Աղոթքի սկիզբ
Հա՛յր Աստված, ես ուզում եմ վայելել Քեզ: Քեզ հետ հաղորդակցվելը և Քո ներկայության մեջ լինելն այնքա ՜ն հրաշալի է: Ես մի կողմ եմ դնում իմ հպարտությունը և խոնարհվում եմ Քո առջև, որպեսզի կարողանամ միայն Քո մեջ գտնել իմ նպատակն ու ուրախությունը: