
«Եվ Եհովան ետ առավ այն չարիքը, որ ասել էր, թե իր ժողովրդին պիտի աներ» (ԵԼԻՑ 32.14):
Գիտե՞ս, որ աղոթքը կարող է փոխել Աստծո մտադրությունը: Աստված կարող է վերանայել Իր ծրագրերն այն պատճառով, որ ինչ-որ մեկը ժամանակ է հատկացրել՝ խոսելու Իր հետ և լսելու Իրենից:
Երբ Մովսեսը բարձրացավ Սինա լեռը՝ Տասը Պատվիրանները ստանալու, նա ավելի երկար մնաց այնտեղ, քան մարդիկ ցանկանում էին: Իրենց առաջնորդի բացակայությունից նրանք մոռացան Տիրոջը, անձնատուր եղան մարմնավոր ցանկություններին և որոշեցին հալեցնել իրենց զարդերը, ձուլել ոսկե հորթ ու երկրպագել նրան: Աստված լեռան վրա խոսեց Մովսեսի հետ և, ըստ էության, ասաց հետևյալը. «Ավելի լավ է՝ վերադառնաս այնտեղ, որովհետև ժողովուրդը խառնաշփոթության մեջ է: Եվ Ես բարկացած եմ դրա համար» (գոհություն Աստծուն, որ Սաղմոս 30.5-ում ասվում է, որ Նրա բարկությունը ակնթարթի չափ է, բայց Նրա ողորմությունը կամ քաղցրությունը՝ հավիտյան):
Մովսեսը սկսեց բարեխոսել ժողովրդի համար, որովհետև նա շատ էր անհանգստանում նրանց համար: Աստված նրան ասել էր. «Թո՛ղ Ինձ, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց և կամակոր է» (տե՛ս Ելից 32.9,10): Բայց Մովսեսը հրաժարվեց հանձնվելուց, որովհետև նրա սրտում անհամաձայնություն կար: Նա սիրում էր այդ ժողովրդին, նա գիտեր Աստծո էությունը և գիտեր Նրա բնավորությունը: Բացի այդ, գիտեր, որ Աստված իսկապես սիրում է այդ ժողովրդին և իրականում չի ուզում թողնել այդ վիճակում:
Մովսեսը խնդրեց, որ Աստված փոխի Իր մտադրությունը (տե՛ս Ելից 32.12), և, համաձայն այսօրվա խոսքի, Աստված փոխեց Իր մտադրությունը: Մենք կարող ենք փոփոխություն բերել, երբ աղոթենք:
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. երբ աղոթում ես, Աստված լսում է և պատասխանում: