Մի՛ Անհանգստացիր…Երկրպագի՛Ր

«Վախեցե՛ք Տիրոջից, ով Նրա սուրբեր (պատկառե՛ք Նրանից և երկրպագե՛ք Նրան), որովհետև կարոտություն չկա Նրանից պատկառողների ու Նրան աստվածային երկյուղով երկրպագողների համար»: — Սաղմոս 34.9, AMP

Հիշում եմ, որ մի առավոտ, երբ նստեցի աղոթելու, սկսեցի անհանգստանալ իմ իրավիճակի համար` մտածելով, թե ինչ պետք է անեի այդ կապակցությամբ:

Հանկարծ հոգուս մեջ լսեցի այն մեղմ, ցածր ձայնը, որն ասում էր. «Ջո՛յս, դու երկրպագելու ես քո խնդրի՞ն, թե՞ Ինձ»: Գիտես, Աստված ավելի քան պատրաստ էր լուծելու իմ խնդիրը, եթե ես հոժարեի մոռանալ այն ու ժամանակ անցկացնել՝ երկրպագելով Նրան:

Երբ երկրպագում ենք Տիրոջը, մենք բաց ենք թողնում այն հուզական կամ մտավոր ծանրությունը, որը մեզ ներքև է քաշում: Այն կուլ է գնում Աստծո մեծության մեջ: Երբ մեր աչքերն ուղղենք Նրան ու երկրպագենք, միշտ կտեսնենք, թե ինչպես է Նրա ծրագիրը մեր կյանքում գործում՝ ամեն բան պտտելով դեպի բարին:

Աստվածաշունչն ասում է, որ կարոտություն չկա նրանց համար, ովքեր իսկապես աստվածային երկյուղով երկրպագում են Տիրոջը: Դու ուզո՞ւմ ես համոզված լինել, որ քո բոլոր կարիքները կբավարարվեն: Այդ դեպքում հիշի՛ր, որ պիտի երկրպագես, այլ ոչ թե անհանգստանաս:

Անկախ այն դժվարություններից, որոնց առջև կանգնում ես, պարզապես շարունակի՛ր օրհնել ու փառք տալ Աստծուն: Քո սրտում հավատք կբարձրանա, և դու կհաղթես:


Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծ, ես չեմ անհանգստանա: Փոխարենը՝ ես ընտրում եմ երկրպագել Քեզ: Դու մեծ ու հզոր ես, ու ես գիտեմ, որ իմ կարիքները բավարարվում են Քո բարության ու սիրո շնորհիվ:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon