
«Բայց վախենում եմ՝ միգուցե ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի այն միամտությունից, որ Քրիստոսում է» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ 11.3):
Աստված ցանկանում է, որ Իր հետ մեր փոխհարաբերությունն ու հաղորդակցումը լինեն պարզ, բայց սատանան խեղաթյուրել է աղոթքի մասին մեր պատկերացումը, որովհետև նա ոչ միայն գիտի, թե որքան զորավոր է աղոթքը, այլև գիտի, թե որքան դյուրին պետք է լինի այն մեզ համար:
Պարզապես ինքդ քեզ հարցրու. «Ինչո՞ւ պիտի Աստված ստեղծեր մեզ՝ Իր հետ հաղորդակցում և փոխհարաբերություն ունենալու համար, ապա բարդացներ այդ գործընթացը»: Աստված ոչինչ չի բարդացրել. Նա պարզ և հաճելի միջոց է ստեղծել Իր հետ ժամանակ անցկացնելու և այդ ժամանակը վայելելու համար: Սատանան ուզում է՝ մենք հավատանք, որ աղոթքը երկար ժամանակ է պահանջում, և մենք պետք է հետևենք հատուկ բանաձևերի: Նա շրջափակում է աղոթքը տարբեր կանոններով և կարգերով ու գողանում այն ստեղծագործական մոտեցումը և ազատությունը, որ Աստված ուզում է՝ մենք ունենանք: Նա փորձում է խեղդել մեր հավատքը և համոզել, որ մենք իրականում այդքան էլ արժանի չենք խոսելու Աստծո հետ և չենք կարող լսել Նրա ձայնը:
Երբ աղոթում ենք, սատանան միշտ փորձում է դատապարտել մեզ՝ ասելով, որ ճիշտ կամ բավականաչափ չենք աղոթում, և որ մեր աղոթքները փոփոխություն չեն բերում: Բացի այդ՝ նա փորձում է շեղել մեզ: Ահա, թե ինչու է մարդկանց հաճախ թվում, թե աղոթքը դժվար և անարդյունավետ է, ուստի նրանք հազվադեպ են աղոթում:
Ընդհանուր առմամբ, շատերը հուսախաբված և անբավարարված են իրենց աղոթքի կյանքում, բայց դա կարող է փոխվել: Մենք կարող ենք աղոթել պարզ, անկեղծ, հավատքով լի աղոթքներ և վստահ լինել, որ Աստված լսում և պատասխանում է:
Աստծո խոսքը քեզ համար այսօր. մի՛բարդացրու: