Մի՛ ընդդիմացիր. ընդունի՛ր այն, ինչ Աստված ասում է

Մի՛ ընդդիմացիր. ընդունի՛ր այն, ինչ Աստված ասում է

«Փորձի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը. քննի՛ր ինձ և ճանաչի՛ր իմ մտածմունքները: Եվ տե՛ս, թե որ չար ճանապարհում լինեմ, և առաջնորդի՛ր ինձ դեպի հավիտենական ճանապարհը» (ՍԱՂՄՈՍ 139.23,24):

Հաճախ, երբ հանդիմանվում ենք մեղքի համար, դառնում ենք փնթփնթան, որովհետև Աստված աշխատանք է տանում մեզ հետ: Մենք ճնշվում և անհարմարության զգացում ենք ունենում, մինչև չենք ընդունում մեր մեղքը, պատրաստ չենք լինում շրջվելու դրանից և ներողություն խնդրելու: Հենց որ համաձայնության ենք գալիս Աստծո հետ, վերադառնում է մեր խաղաղությունը, և բարելավվում է մեր վարքագիծը:

Սատանան հարձակվում է մեզ վրա դատապարտություն և ամոթ բերելով, որպեսզի մեզ ետ պահի աղոթքի մեջ Աստծուն վստահորեն մոտենալուց՝ թույլ չտալով ստանալ մեր խնդրանքների պատասխանը և վայելել Աստծո հետ հաղորդակցումը: Ինքներս մեր մասին վատ կարծիք ունենալը կամ մտածելը, թե Աստված բարկացած է մեզ վրա, բաժանում է մեզ Նրա ներկայությունից: Նա երբեք չի թողնում մեզ, բայց մեր վախերը կարող են ստիպել, որ կասկածենք Նրա ներկայությանը:

Այդ է պատճառը, որ այդքան կարևոր են ճշմարտությունը զանազանելը և հանդիմանության ու դատապարտության տարբերությունն իմանալը: Եթե ականջ ես դնում հանդիմանությանը, այն բարձրացնում է քեզ և հեռացնում մեղքից. դատապարտությունը միայն ստիպում է քեզ վատ կարծիք ունենալ ինքդ քո մասին և հաճախ ավելի է խորացնում խնդիրը:

Երբ աղոթում ես, խնդրի՛ր, որ Աստված պարբերաբար խոսի քեզ հետ և հանդիմանի մեղքի համար՝ գիտակցելով, որ հանդիմանությունը օրհնություն է, ոչ թե խնդիր: Երբ ես սկսում եմ աղոթել, գրեթե միշտ խնդրում եմ իմ երկնային Հորը հայտնել իմ թույլ տված սխալները և մաքրել ինձ մեղքից ու անարդարությունից: Հանդիմանությունը կենսական անհրաժեշտություն է Աստծո հետ ճիշտ քայլելու համար: Հանդիմանության պարգևը Աստծուն լսելու միջոցներից է: Մի՛ սխալվիր՝ թույլ տալով, որ հանդիմանությունը վերածվի դատապարտության, բայց թո՛ւյլ տուր, որ այն բարձրացնի քեզ դեպի ազատության և Աստծո հետ մտերմության նոր մակարդակ: Մի՛ ընդդիմացիր, այլ ընդունի՛ր հանդիմանությունը:

ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՍՕՐ. թող Աստված բարձրացնի քեզ և հեռացնի մեղքից:

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon